ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը սեփական կայքէջը կունենա
Եվրոպայի խորհրդի աջակցությամբ այսօր տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կայքի (www.echr.am) պաշտոնական շնորհանդեսը: Ինչպես շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Հայաստանն առաջին երկիրն է, որի ներկայացուցչությունը ՄԻԵԴ-ում նման կայք է ունենում:
Նախաձեռնողները վստահեցնում են, այդպիսով առավել արդյունավետ կդառնա ՄԻԵԴ վճիռների կատարումը, և կայքը կլինի կարևոր գործիքներից մեկը, որի շնորհիվ քաղաքացիների համար մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը կդառնան առավել հասանելի, իսկ դրանցով նախատեսված իրավական պաշտպանության մեխանիզմները՝ մատչելի:
Կայքի օգնությամբ ակնկալվում է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործադրմանը: