Հայկական ոսկերչությունը՝ մոսկովյան ցուցահանդեսում
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական ոսկեգործական ոլորտի ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը ՌԴ Մոսկվա քաղաքում մեկնարկած «JUNWEX 2015» 11-րդ միջազգային ամենամյա ոսկերչական ցուցահանդեսին: Խոշորագույն այս ցուցահանդեսին ներկայացված են 30 երկրների ավելի քան 725 կազմակերպություններ և շուրջ 42 հազար մասնակիցներ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Առևտրի Տուն ՏԿ», «Ես Սիլվեր», «Շաբեր» ընկերությունները ներկայացնում են ոսկերչական զարդեր, արծաթյա սպասք, մշակված թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ոսկերչական գործիքներ:
«Ցուցահանդեսը ոսկեգործության բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից մեկն է, որի հիմնական այցելուներն են տվյալ շուկայում առևտրային դիստրիբյուտորներ, ոսկեգործության ոլորտում խոշոր և միջին գնորդներ, այդ թվում՝ տարբեր առևտրային ցանցերից, ինչպես նաև վերոնշյալ ոսկերչական զարդերի, հարակից պարագաների, թանկարժեք քարերի ներմուծողներ։ Հայաստանի մասնակցության նպատակն այս ցուցահանդեսին արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև, միջազգային շուկա մուտք գործելուն և նոր գնորդներ ձեռք բերելուն նպաստելը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: