«Կինոաշուն». Դժվարություններ, բայցև իրականացած երազանք
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվող «Կինոաշուն» ծրագիրը տվել է իր դրական արդյունքը՝ հասարակությունը ցանկանում է դիտել հայկական կինո, սկսել է սիրել հայկական կինոն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
«Մեր երազանքներն իրականացան: Երբ վեց տարի առաջ սկսում էինք այս ծրագիրը, մեր նպատակն էր փորձել հայկական կինոն հասցնել հանդիսատեսին, քանի որ երկար ժամանակ հայկական կինո չէին նայել՝ կինոթատրոններում չէին ցուցադրում, քանի որ նայող չկար, հեռուստատեսությամբ էլ չէին ցուցադրում»,- նշեց նա:
Ըստ Գ. Գևորգյանի, առաջին երկու տարին շատ տխուր իրավիճակ էր, քանի որ հենց մարզային, համայնքային ղեկավարությունը չէր ցանկանում աջակցել ծրագիրի իրականացմանը. «Ոչ ոք չէր ցանկանում լրացուցիչ աշխատանք կատարել, դժկամությամբ էին համաձայնվում: Մեծ մասը մերժում էին՝ դահլիճ չունեն, տեխնիկա չունեն պատճառաբանությամբ: Իսկ քանի որ ծրագիրն ամբողջ Հայաստանով էր, մենք չէինք կարող բոլորին տրամադրել տեխնիկա: Դեպք եղավ, որ մարզերից մեկում ասացին՝ որտեղից եմ մարդկանց բերելու, սարերում կով են կթում, պետք է թողնեն գա՞ն կինո նայեն»:
«Սակայն այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ արդեն չենք հասցնում. շատերն են ուզում, որ ողջ ամսվա ընթացքում ամեն օր իրենց մոտ ֆիլմ ցուցադրվի: Այսինքն մենք հասանք նրան, որ հայ հանդիսատեսն ուզում է նայել հայկական կինո, անհամբեր սպասում է հոկտեմբերին, որպեսզի «Կինոաշունը» մեկնարկի»:
«Կինոաշուն» ծրագիրը վեցերորդ անգամ մեկնարկելու է հոկտեմբերի 1-ին: Կշարունակվի մինչև նոյեմբերի 5-ը: Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, զորամասերում, ուսումնական հաստատություններում ցուցադրվելու է մոտ 200 ֆիլմ՝ գեղարվեստական, վավերագրական, մանկական, անիմացիոն, արխիվային բացառիկ նյութեր, կազմակերպվելու են հոբելյական երեկոներ, գրախոսականների մրցույթ:
Գ. Գևորգյանը տեղեկացրեց, որ ծրագիրն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և շեշտը դրված է հիմնականում սահմանապահ, սահմանամերձ շրջաններում, նաև զորամասերում ցուցադրություններ կազմակերպելու վրա:
Ամեն լսարանի համար ընտրված է առանձին ծրագիր:
«Զորամասերի համար ծրագիրը կազմել ենք պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ համատեղ: Կարևորում ենք զորամասերում հայկական ֆիլմերի ցուցադրության կազմակերպումը: Ընդհանրապես, այսօրվա իրավիճակում կարևոր է մշակութային միջոցառումների կազմակերպումը ինչպես զորամասերում, այնպես էլ սահմանամերձ բնակավայրերում, որպեսզի տեսնեն, որ մենք իրենց հետ ենք»,- նշեց կինոկենտրոնի տնօրենը:
Ծրագրի շրջանակում ցուցադրվելու է նաև վերջին տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված մոտ 12 ֆիլմ:
«Շատ ֆիլմեր կոմերցիոն բնույթի են, մենք իրավունք չունենք ցուցադրել, բայց նախապես բոլորին ասել էի, որ այս ծրագրի շրջանակում բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են, քանի որ դու չես տանելու մարզի որևէ հեռավոր գյուղ այդ ֆիլմը ցուցադրես, որպեսզի գումար վաստակես, բայց ինչո՞ւ այդ գյուղի բնակիչները չպետք է հնարավորություն ունենան դիտել ֆիլմը»,- ասաց Գ. Գևորգյանը:
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում «Կինոաշուն» ծրագիրը կիրականացնեն նաև Արցախում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա