Իրանը և Իրաքը ողջունում են Սիրիայում ռուսական զորքերի ներկայությունը
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարզիե Աֆղամը հայտարարել է, որ Իրանը ողջունում է Սիրիայում ռուսական զորքերի կողմից «Իսլամական պետության» դիրքերին ավիացիոն հարվածներ հասցնելը: Հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
«Մենք դրականորեն ենք դիտարկում այդ քայլը և գնահատում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին»,- աղբյուրի փոխանցմամբ նշել է Իրանի ԱԳ ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդվում է, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ունեցած հանդիպման ժամանակ Իրանի և Ռուսաստանի նախագահները արդեն իսկ քննարկել էին Սիրիայում ահաբեկիչ գրոհայինների դեմ պայքարը կորդինացնելու համատեղ քայլերը:
Ավելի վաղ հայտարարվել էր , որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնական խնդրանքով դիմել է ՌԴ նախագահին` օգնելու երկրում ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարի հարցում: Արձագանքելով Սիրիայի նախագահի խնդրանքին` ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել նախագահ Պուտինի առաջարկին` զինուժը արտերկրում կիրառելու համար: Ինչպես նշվում է, ռուսական զորքերը Սիրիայում իրականացնելու են բացառապես ավիահարվածներ` ուղղված գրոհային ահաբեկիչների դիրքերին: Միաժամանակ նշվում է, որ ցամաքային որևէ գործողության ռուսական զինուժը մասնակցություն չի ունենալու:
Ռուսական զորքերի կողմից ավիահարվածներ իրականացնելու քայլը ողջունել է նաև Իրաքը: Ռուսական զլմ-ների փոխանցմամբ` այդ երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասիրա Նուրի Մուհամեդան նշել է, որ ռուսական կողմի գործողությունները դրականորեն կարող են ազդել իրաքյան հարցի լուծման վրա:
Քիչ առաջ ամերիկյան CNN հեռուստալիքի հաղորդմամբ ` ռուսական զինուժը արդեն իսկ առաջին ավիացիոն գործողություններն է իրականացրել Սիրիայում: Ավիահարվածների թիրախում են եղել Սիրիայի Հոմս քաղաքի մերձակայքում տեղակայված ահաբեկիչ գրոհայինների դիրքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները