Իրանական կայք. Ալիևը պետք է Սաուդյան Արաբիայի փոխարեն ցավակցեր զոհեր ունեցող երկրներին
«Իլհամ Ալիևը պետք է Սաուդյան Արաբիայի փոխարեն ցավակցեր այն երկրներին, որոնք զոհեր են ունեցել»,-այդ մասին նշված է իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն տեղեկատվության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեքքայում տեղի ունեցած ողբերգական իրադարձության առթիվ ցավակցական հեռագիր է ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզին:
Իրանական աղբյուրը, քննադատելով Ադրբեջանի նախագահի վերոնշյալ քայլը, մասնավորապես նշում է. «Իլհամ Ալիևը պետք է Սաուդյան Արաբիայի փոխարեն ցավակցեր այն երկրներին, որոնք զոհեր են ունեցել, և սա այն դեպքում, երբ փորձագետների պնդմամբ՝ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից ուխտագնացությունը ոչ պատշաճ կազմակերպելու պատճառով»:
Անդրադառնալով Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններին՝ «ԱՆԱՋ»-ի մեկնաբանը նշել է. «Սաուդյան Արաբիան վերջին տարիներին ֆինանսական միջոցների շնորհիվ փորձում է Ադրբեջանին համոզել, որ վահաբիներին ավելի շատ աջակցություն ցուցաբերվի: Այդ քաղաքականության նպատակն այն է, որ ադրբեջանցի երիտասարդների շրջանում վահաբիզն օրեցօր ավելի լայն տարածում ստանա»:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեքքայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է ավելի քան 4000 մարդ, որից 239-ը եղել է Իրանի քաղաքացի:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պիտի ընդունի Մեքքայում տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունը և այդ կապակցությամբ ներողություն խնդրի իսլամական երկրներից:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումը՝
Սաուդյան Արաբիան Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարին հրաժարվում է վիզա տրամադրել