Քննչական կոմիտեն դիմել է Գլխավոր դատախազություն Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխելու համար
Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Սդղի գյոլ կոչվող տարածքում ծեծկռտուքի գործի նախաքննությունն իրականացնող քննչական կոմիտեի քննիչը դիմել է Գլխավոր դատախազություն` խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` ի պատասխան Panorama.am-ի հարցի:
«Նախաքննական մարմինը գտել է, որ առերեսման արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, և գործը հսկող դատախազը կնայի ու իր կարծիքը կհայտնի», -հավելեց Կոստանյանը:
Տիգրան Խաչատրյանը Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկն է. նա, ըստ պաշտոնական տեղեկատվության, բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Տիգրան Խաչատրյանը կալանավորվել էր հուլիսի 27-ին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել»: Հարություն Զաքարյանն ունի տեսողության կորուստ և բազմակի անգամ ենթարկվել է վիրահատության:
Նշենք, որ այս գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից մեկը Սուրիկ Խաչատյանի որդին է, եղբայրն ու նրա որդին, իսկ մյուսները այս կամ այն կերպ առնչություն ունեն Խաչատրյան ընտանիքի հետ:
Հարակից հրապարակում`
Փաստաբանը դիմել է դատախազություն Տիգրան Խաչատրյանի վերաբերյալ քրգործը կարճելու խնդրանքով