Հովհաննես Աբելյանի 150-ամյակին նվիրված թատերական փառատոն է անցկացվելու
Հոկտեմբերի 2-10-ը Վանաձորում կանցկացվի թատերական փառատոն՝ նվիրված հայ մեծ արտիստ Հովհաննես Աբելյանի 150-ամյակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:
«Մեկ տարի առաջ որոշել ենք, որ անպայման պետք է նշենք մեծ արտիստի այս փառավոր ամյակը և նշեն հենց աբելյանցիները: Որոշեցինք կազմակերպել փառատոն: Սկզբունքը հետևյալն է՝ ընտրված են այն ներկայացումները, որոնցում ժամանակին Հովհաննես Աբելյանն այս կամ այն դերն է խաղացել: Հայաստանյան գրեթե ոչ մի թատրոն դուրս չմնաց»,- ասաց նա:
Վ. Շահվերդյանի խոսքով, Հ. Աբելյանը հայ թատրոնի չորս հսկաներից մեկն է Սիրանույշի, Պետրոս Ադամյանի, Վահրամ փափազյանի հետ:
«Այս փառատոնը պատիվ կբերի ոչ միայն Աբելյանի անվան թատրոնին, այլ նաև ժամանակակից հայ թատրոնին: Գուցե սա դառնա սկզբունք և վաղը, մյուս օրը նշվի նաև մյուս հսկաների հոբելյանները»,- նշեց փառատոնի ղեկավարը:
ԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը ծնվել է ծնվել է 1865 թ. հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4)-ին Շամախիում:
Սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում: 1872 թ-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Բաքու. ավարտել է «Մարդասիրական ընկերության» ռուսական դպրոցը և ռեալական ուսումնարանը: Մասնակցել է ռեժիսոր և դերասան Ստեփան Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին: 1882 թ-ից եղել է Անդրեյ Գոնչարովի ռուսական խմբի դերասան, իսկ 1886 թ-ին ընդունվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ակումբի թատերախումբ, դիմախաղի և ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյանից: 1887–91 թթ-ին խաղացել է Բաքվի հայկական և ռուսական թատերախմբերի ներկայացումներում, 1891 թ-ից՝ Բաքվի և Թիֆլիսի հայկական թատրոններում:
1895 թ-ին Թիֆլիսում հիմնել է թատերախումբ, 1908 թ-ին Արմեն Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, որի հետ 1913 թ-ին ելույթներ է ունեցել Իրանում ու Միջին Ասիայում: 1917 թ-ին ընտրվել է Թիֆլիսի Հայ դրամատիկ դերասանների միության նախագահ: 1920 թ-ին մեկնել է արտասահման. հայկական խմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Կահիրեում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: 1925 թ-ին հրավիրվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), սակայն 1926 թ-ից վերսկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանում և Միջին Ասիայում, 1927–28 թթ-ին աշխատել է Բաքվի հայկական թատրոնում: Խաղացել է շուրջ 300 դեր: Աբելյանը եղել է Ալեքսանդր Շիրվանզադեի կերտած կերպարների` Էլիզբարյանի («Պատվի համար»), Ռուստամի, Բարխուդարի («Նամուս»), Գիժ Դանիելի («Չար ոգի») չգերազանցված մարմնավորողը: Լավագույն դերերից են նաև Աբիսողոմ աղան (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Վանահայրը (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Օսիպը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Կորրադոն (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Շտոկմանը (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին»), Սվենգալին (Գրիգորի Գեի «Տրիլբի»), Օթելլոն, Լիրը (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա») և այլն: Նկարահանվել է «Նամուս» (1925 թ.) ֆիլմում՝ Բարխուդարի դերում:
Աբելյանի անունով են կոչվել Վանաձորի դրամատիկական թատրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան