«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-ը հիմնավոր է համարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ՀԾԿՀ-ի որոշումը
«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը հիմնավոր է համարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Ընկերությունը պատրաստել է Հայաստանի էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը:
Նշենք, որ ի կատարումն ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։
«Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի Оպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»,- նշված է հաշվետվության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ վերջին 15 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի վերջնական սպառողների համար բարձրացվել է ընդամենը չորս անգամ. 2009թ.՝ 24%-ով և երեք անգամ 2013-2015թթ.: Ընդ որում վերջին երեք տարիներին սակագնի գումարային աճը (70%) չորս անգամ գերազանցել է սղաճը: Կարճաժամկետ հեռանկարով նման դինամիկան կարող է թվալ դրամատիկ, սակայն բնակչության համար գործող սակագնի վերջին 15 տարիներին սղաճի դինամիկայի հետ համադրումը վկայում է համամասնության առկայության մասին:
ՀԾԿՀ որոշմամբ, 2015թ. օգոստոսից բնակչությունը պետք է վճարի 48,8 դրամ յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց (+17% 2014թ. համեմատ), իսկ առևտրային ոլորտի սպառողները`33,3-ից 45,8 դրամ (միջինում՝ +18%), կախված օգտագործվող լարումից: Կարգավորողի կողմից հաստատված սակագինն ԱՊՀ երկրներում ամենաբարձրներից մեկն է. 1 կՎտժ էլեկտրաէներգիան բնակչության համար գրեթե երկու անգամ ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում, և գրեթե եռակի թանկ, քան Ռուսաստանում: Ավելին, բնակչության եկամուտների համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորել է տնային տնտեսությունների ծախսերի կառուցվածքում էլեկտրաէներգիայի ծախսերի աննախադեպ բարձր՝ ավելի քան 5% մասնաբաժին, ԱՊՀ երկրների միջինում 2% մասնաբաժնի համեմատ:
«Կատարված վերլուծության արդյունքում մենք եզրահանգեցինք, որ ՀԱԷԿ-ի վերանորոգման ծրագրի բաշխումը երկու սակագնային տարիների միջև, «Հրազդան -5»-ի նոր բլոկի բեռնավորման հետ մեկտեղ, թույլ կտա պահպանել վերջնական սակագինը ընթացիկ մակարդակում: Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված պայմանական հաշվարկը հաշվի չի առնում հնարավոր այլ ռիսկերը, որոնք ի վիճակի են ազդել սակագնի դինամիկայի վրա թե՛ աճման և թե՛ նվազման ուղղությամբ»,- նշվում է հաշվետվությունում: