Հայկական Զինուժը ի վիճակի է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի սադրանքներին. ՀԱՊԿ
Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին։ ՀԱՊԿ-ի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, ասաց, որ հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը. «Իսկ այն, որ արձագանք չի եղել, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել»։
Վալերի Սեմերիկովը նաև նշեց, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից իրավիճակի սրման մասին, ինչպես նաև Հայաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է խնդիրը: