«World Affairs». Անտեսելով մարդու իրավունքներն Ադրբեջանում
Միջազգային հարաբերություններին անդրադարձող World Affairs պարբերականում հրապարկվել է մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով վերլուծաբան Էլեն Բըրքի հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են Ադրբեջանում ոտնահարվում մարդու իրավունքները:
Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:
«Անցյալ տարի անդրադարձել եմ լրագրող Խադիջա Իսմայիլովային, ով ձերբակալվել էր նավթով հարուստ բռնատիրական Ադրբեջանում պաշտոնական կաշառակերության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու համար։ Բանտից Իսմայիլովան ամանորյա կենսուրախ բարեմաղթանքներ էր հղել իր ընկերներին այն ժամանակ, երբ կառավարությունը նրա դեմ գործ էր հարուցում «ինքնասպանության դրդման» տարօրինակ մեղադրանքի հիման վրա։
«Այո, ամեն ինչ իր գինն ունի։ Սակայն արժեր վճարել այդ գինը»,- գրել էր Իսմայիլովան։
Այժմ վարչակարգը ստիպում է Իսմայիլովային առավել բարձր գին վճարել։ Սեպտեմբերի 1-ին նա դատապարտվել է յոթ ու կես տարվա ազատազրկման։
Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նյարդայնացրել էր 2011 թվականի Radio Free Europe/ Radio Liberty-ում լույս տեսած իր հոդվածով, որում բացահայտել էր նախագահի դուստրերի կապն առանց մրցույթային գործընթացի իր գործունեությունը սկսած հեռախոսակապի ընկերության շահառուների հետ։ Ալիևյան վարչակարգն արձագանքել է հետապնդմամբ և շանտաժով։ Եվ երբ այդ քայլերն որևէ արդյունքի չհանգեցրեցին, նրանք առաջ քաշեցին յուրացման և իշխանության չարաշահման մեղադրանքներ։
Իսմայիլովան ալիևյան վարչակազմի միակ թիրախը չէ։ Ադրբեջանում կան 100 քաղաքական բանտարկյալներ։ Եվ ամենազարմանալին այն է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ մայիսից ի վեր նաև նախագահել այդ կազմակերպությունում, որն իրեն ներկայացնում է որպես «մայրցամաքի առաջատար իրավապաշտպան կազմակերպություն»։
Journal of Democracy ամսագրի հուլիսյան համարում լույս տեսած իր ջախջախիչ հոդվածում Գերալդ Կլաուսն անդրադառնում է կաշառակերությանը, Խորհրդի՝ Ադրբեջանի առնչությամբ գործունեության բարոյական և ֆինանսական կողմին։ Վերջում նա եզրակացնում է, որ Ալիևի արտասովոր ազդեցությունը հիմնված է ոչ փողի, ոչ էլ լոբբիստական գործունեության, այլ «Եվրոպական ժողովրդավարների՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրենց իսկ կառույցների նկատմամբ ցուցաբերվող անտարբերության» վրա։
Ցավոք, Ադրբեջանի՝ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ փափուկ քաղաքականության հետևանքներից տառապում են ոչ թե եվրոպական պաշտոնյաները, այլ Իսմայիլովան ու նրա ձերբակալված գործընկերները։ Այնուամենայնիվ, նա չի ցավում իր ճակատագրի համար։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք նայում իրադրությանը»,- ասել է Իսմայիլովան դատարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Նրանք, ովքեր պայքարում են, չեն նկատում դժվարությունները»։ Նա արդեն իսկ նախապատրաստվում է ներսից հետաքննել Ադրբեջանի բանտերի գործունեությունը։ «Ես ինձ վրա նետված քարերից տուն կկառուցեմ»։
Ամեն դեպքում Իսմայիլովան շարունակում է լավատեսորեն մոտենալ Ադրբեջանի ապագային։
«Կարծում եմ՝ ռեպրեսիվ մեքենան արդեն իսկ կործանման եզրին է գտնվում»,- ասել է նա իրեն դատապարտած դատարանին։
Հավանաբար, հավելում է նա, նավթի գնի անկումը, որն արդեն իսկ հարվածել է ավտորիտար մի շարք վարչակարգերի ունեցվածքին, նույնպես գործոն է, սակայն «առկա են նաև այլ պատճառներ։ Այդ պատճառներից մեկը մենք ենք»։