Հանրապետության մշտական բնակչության թվի 11,5 տոկոսը տարեցներն են
Տարեցների սոցիալական պաշտպանությունն այսօրվա մեր սոցիալական քաղաքականության բաղադրիչներից մեկն է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը` շնորհավերելով բոլոր տարեցներին՝ Ծերերի միջազգային օրվա կապակցությամբ:
Նախարարության աշխատակիցը տեղեկացրեց, որ հանրապետության մշտական բնակչության ընդհանուր թվից 323134 -ը տարեցներն են, որոնց 65 տարեկանը լրացել է: Այդ թիվը կազմում է ընդհանուր բնակչության թվի 11,5 տոկոսը. «Սա նշանակում է, որ մենք ծերացող երկիր ենք»:
Նա նաև հայտնեց, որ այսօր հանրապետությունում 100 և ավելի տարեկան 127 բնակիչ կա, որոնցից ամենատարեցները երկուսն են՝ 114 տարեկան:
Անահիտ Գևորգյանի խոսքերով, Հայաստանը վավերացրել է ծերացման ռազմավարության ՄԱԿ-ի մադրիդյան դրույթները, որոնք ներառում են սոցիալան և առողջապահական ծառայության մատչելիություն և հասանելիություն, հասարակական կյանքում ակտիվության դրսևորում:
«Միջին կենսաթոշակի չափը 41 հազար դրամ է, բնականաբար, դա չի բավարարում, քանի որ սպառողական զամբյուղի չափը 60-70 դրամ է: Լիարժեք ծերությունն էլ 100 տոկոսով ապահովված չէ, բայց քայլեր են կատարվում դրանց հասնելու համար»,-նշեց բաժնի պետը:
Անդրադառնալով տուն-ինտերնատներին՝ բանախոսն ասաց, որ հանրապետությունում կա 9 տուն-ինտերնատ, 5-ը` պետական, 4-ը` մասնավոր. «Տուն ինտերնատների պահանջը չի ավելանում: Կան երկու՝ ընդանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներ: Հատուկները հոգեկան առողջական խնդիրներ ունեցողների համար են»:
Նա նշեց, որ ընդհանուր տիպի տուն-ինտերնանտ տարեցներն ընդունվում են իրենց դիմումով և համաձայնությամբ, միայն հատուկ տիպի են ընդունվում դատարանի որոշման վրա, երբ մարդը ճանաչվել է անգործունակ:
Նախորդող հրապարակում՝
Ավագ սերունդը մեր երկրի ու հասարակության ոսկե ֆոնդն է. Արտեմ Ասատրյանի ուղերձը