Սերժ Թանկյանի կիթառը դրվելու է աճուրդի՝ Վանաձորի տարեցներին օգնելու համար
«System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի կիթառը վաճառվելու է, որից ստացված գումարը հատկացվելու է Վանաձորի տարեցներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրրան» բարեգործական ՀԿ տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
«Վանաձորի «Օրրան» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է երկու տարի առաջ Սերժ Թանկյանի օգնությամբ: Ունենք 40 մեծահասակ: Նոյեմբերի 8-ին Լոս Անջելեսում կկայանա մեծ ճաշկերույթ, որի ժամանակ աճուրդի է դրվելու Սերժ Թանկյանի կիթառը, որը նա նվագել է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով համերգ-ակցիայի ժամանակ: Հասույթը տրամադրվելու է Վանաձորի տարեցներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «System of a Down խումբը «Wake up the souls» խորագրով համերգաշարը սկսել էր Լոս Անջելեսից: Ընդհանուր առմամբ, խումբը ութ համերգով է հանդես եկել, վերջինը Հայաստանում էր՝ ապրիլի 23-ին: Ամբողջ համերգաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը:
Խմբի անդամները երկար տարիներ միասնական համերգներ չէին տալիս, բայց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին նրանք կրկին հավաքվել էին համաշխարհային շրջագայության համար: