«Զգացողությունների թանգարան»-ը հանդիսատեսին կանցկացնի Ցեղասպանության ամբողջ սարսափի միջով
«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը թատերասեր հանրությանը խոստանում է զգացողություններով լի, հագեցած ութնօրյակ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը:
Նշենք, որ «Հայ Ֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնի մեկնարկը տրվելու է այսօր «Զգացողությունների թանգարան» ներկայացմամբ Նորարարական փորձարարարական արվեստի կենտրոնում: Ներկայացման բեմադրիչն է Վահան Բադալյանը:
Ըստ նրա, «Զգացողությունների թանգարան» նախագիծը ներկայացում-ճամփորդություն է, որի ընթացքում հանդիսականը թատրոն-թանգարան մտնելով անցնում է տարբեր զբացողությունների առաջացնող ցուցանմուշների միջոցով: Վ. Բադալյանն ասաց, որ ներկայացման այցելուն որոշ դեպքերում դիտորդի դերում է, իսկ որոշ ցուցանմուշների պարագայում գործողության ակտիվ մասնակից:
Ցուցանմուշները, օգտագործված երաժշտությունը, տեքստերը ոչ ուղղակիորեն, բայց որոշակի ձևով արտացոլում են այն զգացողությունների գամման, որոնք ասոցացվում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերի, մարդկային ապրումների հետ:
Վ. Բադալյանի խոսքով, նախագծի նպատակն է ցույց տալ և ստեղծել մի հարթակ, որտեղ անձը կարող է վերապրել այն ամենը, ինչ զգացել է Հայոց ցեղասպանության ժամանակ, ճամփորդության ավարտին հանդիսատեն անցած է լինելու Ցեղասպանության ամբողջ սարսափի միջով:
«Ամեն ինչ պայմանական է, սիմվոլիկ: Հույս ունենք, մեսիջները տեղ կհասնան»,- նշեց բեմադրիչը:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, առաջին անգամ է փառատոնը բացվում հայկական և նորարարական ոճով արված բեմադրությամբ: Նա նշեց, որ եթե այս տարի չնշվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այս ներկայացմամբ փառատոնը չէր բացվի:
Ներկայացումը բեմադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Ա. Ղուկասյանն ասաց, որ նպատակ ունեն այն ներկայացնեն նաև դրսում:
Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն մոտ 25 երկրից 250 մասնակից և հյուրեր: Այդ երկրներն են` Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան, Լեհաստանը, Լիբանանը, Իսրայելը, Լիտվան, Հունգարիան, Չեխիան, Նորվեգիան, Հունաստանը, Էստոնիան, Սերբիան, Ղազախստանը, Բանգլադեշը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և այլն: Երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները: Երևանյան 12 բեմահարթակում ցուցադրվելու է ավելի քան 70 ներկայացում՝ դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, ներկայացում-ցուցահանդես, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարա Կորշունովասի թատրոնի «Հատակում» (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ» (ԱՄՆ) ներկայացումները:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումների շրջանակում կցուցադրվեն նաև մի շարք միջազգային և հայկական ներկայացումներ:
Փառատոնի ընթացքում արտասահմանյան թատրոնների ներկայացումների մուտքը լինելու է անվճար, բացի «Գլոբուս» թատրոնի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա