Ադրբեջանի հարևանությամբ անվտանգության երաշխիքներ չկան. Բեքարյանը առանձնացրել է Նախագահի ելույթի շեշտադրումները
ՄԱԿ-ի ամբիոնից հնչած Հայաստանի նախագահի ելույթում բավական խորքային անդրադարձ կար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, առկա իրավիճակին, վերջին սրացումներին: Այսօր Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ելույթը:
«Այնտեղ հիմքում դրվեց այն թեզը, որ Ադրբեջանը իր կեցվածքում հստակ ցուցադրում է միջազգայիին հանրությանը, որ որևէ ցանկություն չունի շարժվել հիմնախնդրի լուծման ուղղությամբ և որդեգրած ձեռագիրը սադրանքի ձեռագիրն է», -հայտարարեց Բեքարյանը:
Նա առանձնացրեց մի քանի շեշտադրումներ, որոնք արվել են նախագահի ելույթում` դիպուկահարներին հեռացնելու հարցը, սահմանային միջադեպերի հետաքննություն անցկացնելը, որոնք ադրբեջանական կողմը մերժել է անել:
«Շեշտադրվեց, որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի առավել անվտանգ դարձնել սահմանները, պահպանել զինադադարի պայմանները և փաստորեն այս պարագայում այն բոլոր հայտարարությունները սահմանային միջադեպերից հետո` որ իրենք չեն և որ դրանց հեղինակը հայկական կողմն է, իրականում ցույց են տալիս, որ դրանք մասնագիտական չեն», -նկատեց պատգամավորը:
Բեքարյանը հատկապես ընդգծեց Նախագահի ելույթում հնչեցված Բաքվում անցկացված եվրոպական խաղերի օրինակը, որոնց ընթացքում իրավիճակը սահմանին անդորր էր, իսկ խաղերից հետո լարվածություն ստեղծվեց:
«Նախագահի ելույթում նաև ընդգծվեց, որ Ադրբեջանը սահմանային լարվածության ստեղծման մեջ որակական փոփոխություն է իրականացրել` խաղաղ բնակավայրերն ավելի ինտենսիվ է սկսել ռմբակոծել, ինչպես նաև զինատեսակների էական փոփոխությունը կիրառման մեջ», -ներկայացրեց բանախոսը` նշելով, որ այդ մասին բարձր ամբիոնից բարձրաձայնելն էական էր միջազգային հանրությանը հասկացնելու, որ ՀՀ և ԼՂՀ հույսը սեփական զինված ուժերն են:
Բեքարյանի դիտարկմամբ, Նախագահի այս հայտարարությունը կարևոր էր այն իմաստով, որ միջազգային հանրության համար ընկալելի պետք է լինի Հայաստանի հակագործողությունները, քանի որ Ադրբեջանի հարևանությամբ անվտանգության երաշխիքներ չկան:
Բեքարյանը նաև ընդգծեց Նախագահի մյուս շեշտադրումը, որ Ադրբեջանի նման «խայտառակ վարքագիծը»` սահմանին լարվածություն ստեղծելը, միտված է երկրի խնդիրներից սեփական հանրության ուշադրությունը շեղելուն:
Անդրադառնալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեայի նիստի շրջանակներում ՀՀ Նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, Բեքարյանը նկատեց. «Չեմ կասկածում, որ այդ հանդիպման ժամանակ հայկական կողմը հայտնել է մտահոգություն Մինսկի խմբի համանախագահության կողմից լղոզված, «հավասարակշռված» հայտարարություններ, երկու կողմերին ուղղված կոչեր անելու, ուղղակիորեն սադրանքի հեղինակին ճնշելու կապակցությամբ: Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը պատասխանատվության ընկալումն ունենա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան