Խորհուրդ կտայի հավատալ «Դելոյթ ընդ Տուշ»-ին, քանի որ նրանք մասնագիտորեն են մոտենում հարցին. Կարեն Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե այն ընտանիքները, որոնք ամսական կսպառեն 250 կվ-ից ավելի էլեկտրաէներգիա, արդյոք կառավարությունը օգոստոսի 1-ին հաստատված սակագնի տարբերությունը չի սուբսիդավորի, նախարարը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման մանրամասներին չի տիրապետում, բայց ընդհանուր առմամբ՝ այդպես է հասկանալի:
Նախարարը, բերելով իր ընտանիքի օրինակը, ասաց, որ իրենք ավելին են սպառում, քան նշված թիվն է: «Ես ընդհանրապես փոխհատուցումներին, սուբսիդիաներին այդքան էլ կողմ չեմ, բայց այստեղ սոցիալական խնդիր կա, հատկապես որ փոքր ձեռնարկություններն էին ընկնում դրա մեջ»:
Դիտարկմանը, թե նախարարը չի՞ կարծում, որ ավելի կարևոր է սակագնի արդարացի լինելը, քան սուբսիդավորումը, Կ.Ճշմարիտյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի առնում «Դելոյթ ընդ Տուշ» խորհրդատվական ընկերության եզրակացությունը, որը հիմնավոր է համարել օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագինը:
«Ես արդեն կասկածի չէի ենթարկի, քանի որ այս ընկերությունը աշխարհի 4 այն ընկերութուններից է, որոնք մասնագիտորեն են մոտենում հարցին: Ընդհանրապես խորհուրդ կտայի հավատալ, քանի որ նրանք բարձր մասնագիտական կարողություններ ունեն»,-ասաց նա: