«Газета.ru»-ն ԼՂ հակամարտության մասին. ««Թեժ կետը» պատրաստ է պայթելու»
Ռուսական «Газета.ru» պարբերականը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարվածության աճին` նկատելով, որ, երբ Ռուսաստանը ավիացիոն հարվածներ սկսեց Սիրիայում, այդ նույն ժամանակ Ռուսաստանի սահմաններին շատ մոտ դրությունը սկսեց լարվել Լեռնային Ղարաբաղում:
«Մինչ սեպտեմբերի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպում էին ունենում ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի շրջանակներում, իսկ Մինսկի խմբի համանախագահ միջնորդներն էլ բանակցությունների էին պատրաստվում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և նրա հարակից տարածքներում գործի էր դրվում ծանր հրետանի և հրթիռային սպառազինություն: Սահմանից 5 կմ հեռավորության վրա արձակված կրակահերթերից զոհվել են ԼՂՀ Պաշտպանական բանակի 4 զինվորներ, իսկ 16-ն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ադրբեջանի զինված ուժերը նաև գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզը` Նոյեմբերյան քաղաքը: Գնդակոծության արդյունքում զոհվել են քաղաքացիական երեք անձինք: Նոյեմբերյանցի Սարգիսը պատմում է, որ Ադրբեջանի կրակահերթերի պատճառով ստիպված են լինում երեկոյան ժամերին անջատել քաղաքի լուսավորությունը: Այդպիսի բան 1994-ից ի վեր դեռ տեղի չէր ունեցել»,- գրում է պարբերականը:
Հղում անելով պաշտոնական Երևանի հայտարարություններին` պարբերականը նկատում է, որ Ադրբեջանը կիրառում է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում թուրքական TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ:
Շարունակելով, պարբերականը գրում է, որ իրավիճակի լարվածության հետ մեկտեղ խստանում է նաև հռետորիկան` որպես օրինակ բերելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը առ այն, որ «Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ»: Պարբերականը հավելում է, որ Հայաստանում ավելի են հաճախակիացել խոսակցություններն այն մասին, որ իրավիճակի սրման դեպքում Հայաստանը պաշտոնապես կճանաչի ԼՂՀ-ն:
Պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի կողմից թե Հայաստանի Հանրապետության և թե ԼՂՀ-ին ուղղված կրակահերթերի փաստը հաստատում է նաև Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի հարցերով կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը` շեշտելով, որ այդ ամենը զգալիորեն մեծացնում է քաղաքացիական անձանց զոհվելու հավանականությունը:
Մեկնաբանելով սահմանային լարվածությունը` Սիլաևը նկատում է, որ բռնությունների աճը հրահրում է հենց Բաքուն, քանի որ առկա ստատուս քվոն Բաքվին չի գոհացնում և նրանք իրավիճակի փոփոխություն են ցանկանում:
«Քաղաքական առումով Հայաստանը և ԼՂՀ-ն ամենաքիչն են հետաքրքրված լարվածության աճով, քանի որ այն կտրուկ մեծացնում է պատերազմի վերսկսման, զոհեր ունենալու և տնտեսական անկման հավանականությունը»,- պարբերականի հետ զրույցում նշել է Սիլաևը:
Շարունակելով դիտարկումներն այն մասին, որ Ադրբեջանն է հրահրում սահմանային լարվածությունը` պարբերականը նկատում է, որ այդուհանդերձ Ադրբեջանին այդ հարցում զսպում են հայկական կողմերի պաշտպանական կարողությունները, ինչպես նաև ՀՀ-ի և ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները` ի նկատի ունենալով, որ երկու պետությունները ՀԱՊԿ անդամներ են:
Բաքվի կողմից ստատուս քվոն փոխելու և այդ նպատակով սահմանային լարվածություն հրահրելու մասին պարբերականի հետ զրույցում նշել է նաև քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` շեշտելով, որ Բաքուն բլից կրիգի հույս կարող է չունենալ: