ԵԽԽՎ. Նախնական կալանքը պետք է կիրառվի միայն որպես «վերջին միջոց»
Նախնական կալանքը պետք է կիրառվի միայն «բացառիկ» դեպքերում՝ որպես «վերջին միջոց», նշել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօր Ստրասբուրգում աշնանային նստաշրջանում կայացած քննարկմանը։
Վեհաժողովը նշում է, որ նախնական կալանքն ունի մի շարք բացասական ազդեցություններ ինչպես կալանավորի, այնպես էլ ողջ հասարակության վրա, որի օրինակ կարող է լինել այն, որ ձերբակալվածները կարող են ենթարկվել բռնությունների բանտակիցների կամ պաշտոնյաների կողմից։
Վկայակոչելով Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի օրինակները՝ ԵԽԽՎ-ն նշել է, որ նախնական կալանքի հիմքերը երբեմն կիրառվում են քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու, կաշառք կորզելու կամ անգամ քաղաքացիական հասարակությանը վախեցնելու ու քննադատական ձայները լռեցնելու համար։
Զեկույցի քննարկման ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց, որ այս հարցում առանձնահատուկ պետք է նշվեր Ադրբեջանը, ով նախնական կալանքը կիրառում է քննադատական ձայները լռեցնելու համար։ Պատգամավորը նշեց Խադիջա Իսմայիլովային և զարմանք հայտնեց, թե ինչու զեկուցող Պեդրո Ագրամուտը առանձնահատուկ չի անդրադարձել այս երկրին ։
Պեդրո Ագրամունտի զեկույցի հիման վրա ընդունված բանաձևով ԵԽԽՎ-ն կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միացած բոլոր պետություններին միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն նախնական կալանքի կրճատմանը։