ՀՀ նախագահ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն անբեկանելի է
Աներկբա փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, դեպի իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն և ժողովրդավարական հասարակության կառուցում անբեկանելի է: Վաշինգտոնում Կոնգրեսում կազմակերպված ընդունելության ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Գտնվելով այստեղ՝ Կապիտոլիումի բարձունքում, շնորհակալական խոսք եմ ուղղում ամերիկյան ժողովրդին, ԱՄՆ-ի Կոնգրեսին այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար: Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար, հավատացած եղեք, ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ բռնատիրությունը կատարելության հասցնելու ճանապարհն ընտրած Ադրբեջանի մշտական սադրանքների ներքո անգամ անկախ ու ժողովրդավարական պետության կառուցման իր ջանքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մոռացության չի մատնվել: Աներկբա փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, դեպի իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն և ժողովրդավարական հասարակության կառուցում անբեկանելի է: Այս առումով, ձեր շարունակական աջակցությունն իսկապես կենսական նշանակություն ունի մեզ համար»,- իր ելույթում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախորդիվ՝
ԱՄՆ Կոնգրեսում ի պատիվ ՀՀ նախագահի ընդունելություն է կազմակերպվել