Անուրանալի է ձեր դերը մեր ազգային ողբերգության ճանաչման և դատապարտման գործում. ՀՀ նախագահը՝ ԱՄՆ կոնգրեսականներին
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ նախագահի կազմակերպված ընդունելության ժամանակ նախագահ Սարգսանը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ երախտագիտության խոսք է հղել ԱՄՆ կոնգրեսականներին, ովքեր այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
Իր ելույթում նախագահը, մասնավորապես, ասել է. «Ամիսներ առաջ ես այցելեցի Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Այն ցեղասպանության հանցագործության առավել քան ազդեցիկ և խոսուն հիշատակարան է: Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որ երբեք չմոռացվեն պատմության դառը և արյունալի դրվագները: Բայց մենք չենք կարող մեր հույսը դնել միայն թանգարանների և հուշակոթողների վրա: Հավատարիմ «հիշում ենք» կարգախոսին՝ մենք պետք է անենք հնարավորինն ու անհնարինը՝ անվտանգ ապագա ապահովելու համար մեր սերունդներին: Ուստի, Հենրի Մորգենթաուի և նրա հետնորդների առաքելության հանրահռչակումը մեծ կարևորություն է ստանում՝ ոչ միայն հայերի և ամերիկացիների ապագա սերունդների մեջ հիշողության պահպանման, այլև միջազգային մասշտաբով մարդասիրական դաստիարակության տեսանկյունից: Ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու համար մենք պետք է համադրենք մեր ջանքերը, որպեսզի կառուցենք բռնություններից զերծ աշխարհ: Ցեղասպանությունների կանխարգելումն ու դրանց ժխտման դեմ պայքարը այդ ճանապարհի կարևորագույն հանգրվաններից են:
Կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ համամարդկային հիշողության պահպանմանն ուղղված ջանքերի համար: Մեծ եղեռնի, Ողջակիզման և մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնելը և մարդկության պատմության այս սոսկալի դրվագները հետևողականորեն ներկայացնելն ու դրանց միջոցով ապագա սերունդներին կարևոր ուղերձներ հղելը բախտորոշ նշանակություն կունենան աշխարհը ցեղասպանություններից զերծ պահելու հարցում:
Երախտագիտության խոսք եմ հղում նաև ԱՄՆ-ի Կոնգրեսին և այստեղ գտնվող բոլոր կոնգրեսականներին, ովքեր այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Անուրանալի է ձեր դերը մեր ազգային ողբերգության ճանաչման և դատապարտման գործում: Վստահ եմ, որ Ձեր կատարած աշխատանքն անպայման հասնելու է իր տրամաբանական ավարտ»: