Սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա. վարչապետ
Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքին և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության խորհրդատվական արդյունքներին հայտարարեց` կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա:
«Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա: Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել ՀԷՑ-ում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը»,-ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ քանի որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով ՏԱՇԻՐ խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ ՏԱՇԻՐ խմբի կազմում գործող Կասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, ապա, ըստ վրաչապետի, Հայաստանի իշխանությունները դիմել էին ՏԱՇԻՐ խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր ԻՆՏԵՐ ՌԱՈ ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը:
«Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում ՏԱՇԻՐ խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր ԻՆՏԵՐ ՌԱՈ խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա միաժամանակ նշեց, որ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին:
«Մեր խնդրանքով, ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, ՏԱՇԻՐ խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը»,- ասաց վարչապետը:
Հ. Աբրահամյանը նաև ներկայացնելով ՀՀ կառավարության մոտեցումը, նշեց, որ հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը:
Կառավարությունը փոխհատուցելու է բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:
«Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով Տաշիր խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»,- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան