«Միանգամից ասեմ, որ նման մտահոգություն չունենք». ՀԷՑ-ի վաճառքի մասին
«Չեմ կարծում, որ գործարքը կձգձգվի: Այն շատ արագ կկատարվի»,- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալ մասին ընդունված որոշումից հետո լրագողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե՞ մտահոգություններ չկան, որ ՀԷՑ-ն օֆշորային ընկերության է վաճառվել, նա նշեց. «Միանգամից ասեմ, որ նման մտահոգություն չունենք»:
Նա նշեց, որ իրավական առումով որևէ արգելք, սահմանափակում չկա, և ընկերությունն աշխատելու է այն օրենքներով և պայմանագրերով, որոնք առկա են, և այդպես էր լինելու ցանկացած ընկերության պարագայում:
«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ կա նաև երաշխավորող երրորդ կողմը՝ «Կասկադ էներգոցանցեր» ընկերությունը, որն ունի էներգամատակարարման, շինմոնտաժային և նախագծման աշխատանքների բավականին մեծ փորձ: Այդ ընկերությունն էլ ՀԷՑ-ի կառավարման կամ շահագործման ընթացքում իր մեծ փորձով աշխատելու է: Այն մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, և դուք էլ երեկ, հավանաբար, ծանոթացել եք տարածված հայտարարությանը, որից կարելի է ենթադրել, որ մենք այս առումով բավականին լավ վիճակում ենք»,- ասաց Ս. Արաբաջյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, Սամվել Արաբաջյանը նշեց, որ սակագների և սուբսիդիաների հարցը հանձնաժողովի գործառույթից դուրս է, այնուհետև նշեց, որ, ըստ գնորդ ընկերության հայտարարության. բոլորը շարունակելու են նախորդ սակագնով, ուղղակի սուբսիդավորված են վճարելու:
Հիշեցնենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ որոշվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալ:
Հիշեցնենք նաև, որ նախօրեին «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Տաշիր» Գրուպը և «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգիայի ակտիվների վաճառքի մասին: Ըստ նույն աղբյուրի, Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած և մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար։
Նախորդող հրապարակումներ՝
ՀԾԿՀ-ն միաձայն քվեարկությամբ թույլ տվեց վաճառել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը
«Տաշիր» Գրուպը և «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել