Կարծում եմ՝ մոտակա ժամանակ Ադրբեջանը խելքը գլուխը կհավաքի. Շավարշ Քոչարյան
«Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ՝ մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի»,-այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորում Ադրբեջանի նման պահվածքը:
Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա, ըստ փոխնախարարի, Ադրբեջանն անցել է բոլոր սահմանները:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի այդ գործողություններին, այլ նաև այն լկտիությանը, որով նա վերաբերվում է միջազգային իրավունքին՝ իր իսկ ստանձնած պարտավորություններին»,- նշեց Շ.Քոչարյանը:
Նա հիշեցրեց 1994 թվականին ընդունված զինադադարի պայմանագիրը:
«Զինադադարի մասին կա եռակողմ համաձայնագիր: Ի դեպ Ադրբեջանն է խնդրել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որպեսզի այդ զինադադարը կնքեն: Կա 1995թ-ի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմը ամրապնդելու մասին, ստացվում է, որ միջազգային իրավունքը իր համար ոչինչ է: Այսինքն՝ նույն վարվելակերպն է, որն այսօր դրսևորում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունները, նույն ձեռագիրն է՝ մարդկանց սպանել, հուշարձաններ ոչնչացնել և այլն: Ադրբեջանն իր այս քայլերով մոտեցնում է, որպեսզի հասունանա ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե բանակցային գործընթացում հնարավոր է, որ Հայաստանը նոր դիրքորոշում ցուցաբերի, նոր պայմաններ դնի Ադրբեջանի առջև, փոխնախարարը նշեց, որ շատ հստակ և պարզ է ամբողջ գործընթացը, և հայտնի է, թե ով է խանգարում, ով թույլ չի տալիս, որպեսզի գործընթացն առաջ շարժվի. «Հայկական կողմի դիրքորոշումը միշտ հստակ է, հասկանալի, ըմբռնելի է եղել և բոլորի համար դա պարզ և թափանցիկ է: Մենք թաքցնելու ոչինչ չունենք, մենք շատ բաց ենք»:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ հարցը մշտապես իրենց մտահոգում է:
«Մենք միշտ ասել ենք, որ դա մտահոգիչ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին, ապա ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չենք զգում, այս պարագայում դրա կարիքը չկա: Ընդհանուր առմամբ՝ շատ կարևոր է ունենալ պայմանագրային տարբեր պարտավորություններ՝ պետությունների միջև, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որոնք որոշակի իրավիճակներում կարող են քեզ օժանդակել, բայց հայկական երկու կողմերը իրենց հույսն առաջին հերթին դնում են իրենց վրա: Ավելին՝ եթե որևէ պետություն իր ամենակենսական խնդիրը՝ անվտանգությունը, փորձի դնել այլ պետությունների վրա, դա կլինի աններելի սխալ»,-ասաց փոխարտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան