Այս գործով անցնող Խաչատրյաններն ու նրանց բարեկամը բոլորն էլ դատվելու են. Տուժած Զաքարյանների հայր
«Իմ իմանալով, էդ կռվող բանդայի կողմից ցուցմունքներ կան, որ իմ որդուն հարվածողը եղել է Յուրա Մանուչարյանը: Էդ մասին ցուցմունք է տվել չորս հոգի: Յուրա Մանուչարյանն էլ ինքնախոստովանական ցուցմունք է տվել, պնդել է, որ ինքն է հարվածել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետևանքով տուժած ճանաչված Զաքարյան եղբայրների հայրը` Գագիկ Զաքարյանը` ներկայացնելով գործով ի հայտ եկած նոր հանգամանքները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այս քրեական գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի գործը վարող Քննչական կոմիտեն դիմի Գլխավոր դատախազություն` փոխելու մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է: ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ հայտարարել էր, որ քրեական գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը կուսումնասիրի նոր երևան եկած հանգամանքները և որոշում կկայացնի:
Գագիկ Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե Զաքարյանների վրա Խաչատրյանների կողմից ճնշումներ եղե՞լ են այս քրեական գործի շրջանակներում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհանրապես, էդ մարդը չի ծնվել, որ ինձ ճնշի: Խաչատրյանների ընտանիքը, ովքեր այս գործով անցնում են, բոլորը դատվելու են. էս գործով չորս հոգի Խաչատրյանի ու նրա եղբոր ընտանիքից են, մեկն էլ` Մանուչարյանը, իրա բարեկամն է, բոլորը դատվելու են»:
Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանին, ապա այդ օրը Սդղի գյոլում տուժած Հարություն Զաքարյանի հայրը պնդում է. «Տիգրան Խաչատրյանը դատվելու է իր կազմակերպած կռվի համար»:
Գագիկ Զաքարյանի խոսքով, իրենց ընտանիքին վերաբերող այս քրեական գործով նախաքննությունը «շատ լավ է իրականացվում»:
«Իրավապահներից գոհ եմ, դեռ դժգոհության առիթ չեն տվել: Թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը բոլորն էլ ինձ հետ պայքարում են ճշմարտության համար: Մինչև հիմա չեմ նկատել նրանց կողմից կողմնապահություն: Մենք գնալու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք», -հայտարարեց Զաքարյանը:
Հարցին` եթե դատախազը որոշեց փոխել Տիգրան Խաչատրյանի փախանման միջոց կալանքը, և նա հայտնվեց ազատության մեջ դա Զաքարյաններին չի՞ մտահոգում, նա պատասխանեց. «Ես նորից եմ ասում` ինձ դա չի մտահոգում: Իմ երեխաներին վերաբերող էս գործի հետ կապված ես աբսալյուտ կողմնապահություն չեմ նկատել ոչ քննչական կոմիտեից, ոչ դատախազությունից, լրիվ արդար քննություն ա գնում: Ինձ թվում ա` դա վերևից հրահանգված ա ու էդպես էլ պտի գնա»:
Անդրադառնալով Հարություն Զաքարյանի առողջական վիճակին, ով կատարվածի հետևանքով կորցրել էր աչքի տեսողությունը, հայրն ասաց, որ երեկ Ռուսաստանում տղան հերթական վիրահատության է ենթարկվել:
«Երեկ վիրահատությունից հետո վիրակապերը հանել են, պրոֆեսորը նայել է, ասել է` նորմալ է ընթացել: Հաջորդ ու վերջնական վիրահատությունը կլինի երեք ամիս հետո: Դրանից հետո պարզ կլինի տեսողության հարցը: Միգուցե էլի միջոցառումներ կկատարվեն», -ներկայացրեց Զաքարյանը:
Հարակից հրապարակում`
Քննչական կոմիտեն դիմել է Գլխավոր դատախազություն Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան