Նկարիչների միությունում բացվելու է Նարեկ Առուշանյանի աշխատանքների ցուցահանդեսը
Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում հոկտեմբերի 7-ին բացվելու է գեղանկարիչ Նարեկ Առուշանյանի աշխատանքների ցուցահանդեսը: Panorama.am-ի հետ զրույցում նկարչի այրին՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի տնօրեն Աննա Մնացականյանն ասաց, որ Ն. Առուշանյանը Հայաստանում մեկ անգամ է անհատական ցուցահանդես ունեցել տասը տարի առաջ:
«Դրանից հետո նա շատ ակտիվ ստեղծագործել է: Կարծում եմ՝ բոլորս նոր հայացքով ենք նայելու նրա արվեստին: Ցուցահանդեսի նպատակն ու իմաստը հենց դա է՝ ճանաչել Նարեկի ներաշխարհը»,- ասաց Ա. Մնացականյանը:
Ցուցահանդեսում ներկայացվելու է ավելի քան 80 աշխատանք: Նկարները հիմնականում ընտանիքի հավաքածուից են:
«Կան նկարներ, որոնք Նարեկը նվիրել էր իր ընկերներ, խնդրել ենք բերել՝ ցուցահանդեսում ներկայացնելու համար»,- նշեց նա:
Ցուցահանդեսի բացման օրը կլինի ալբոմի շնորհանդես: Ցուցահանդեսը գործելու է հոկտեմբերի 12-ը ներառյալ:
Նարեկ Առուշանյանը ծնվել է 1973թ., Երևանում: 1992թ-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 1998թ-ին` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 1999թ-ից եղել է ՀՀ Նկարիչների միության անդամ է, 2009թ-ից` ՀՀ նկարիչների միության նախագահության անդամ: 2005թ-ից դասավանդել էր Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2007թ-ից` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն:
1995թ-ից մասնակցել էր բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, ինչպես նաև արտերկրում:
Նարեկ Առուշանյանը երկարատև հիվանդությունից հետո մահացել է 2012 թվականի օգոստոսի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա