Առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ
Հոկտեմբերի 3-ին մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը: Մեկնակրը տաու Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր Իվա Միլետիչը (Սերբիա), ում կատարմամբ կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ և կամերային երեկո, սիմֆոնիկ համերգները՝ յուրաքանչյուր շաբաթ և կամերայինը՝ չորեքշաբթի օրերին:
Փառատոնի ընթացքում նվագախումբը կհյուրընկալի ճանաչված երաժիշտների, ինչպիսիք են՝ ջութակահարներ Չադ Հուփսը (ԱՄՆ), Ալեքսանդրա Սոումը (Ֆրանսիա), Զոհրաբ Թադևոսյանը (Իսպանիա), դաշնակահարներ՝ Ալեքսանդր Ռոմանովսկին (Իտալիա/Ուկրաինա), Աննա Վինիցկայան (Ռուսաստան), թավջութակահարներ Սուրեն Բագրատունին (ԱՄՆ), Միքայել Հախնազարյանը (Հայաստան), հանրահայտ շեփորահար Սերգեյ Նակարյակովը (Իսրայել/Ռուսաստան), դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), Վահագն Պապյանը (Իսրայել) և Միրան Վոպոտիչը (Խորվաթիա):
Փառատոնի շրջանակում առանձին համերգային ծրագրերով հանդես կգան «Արս լունգա» դուետը, Արամ Խաչատրյանի անվան տրիոն, «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը: Փառատոնի ընթացքում միջազգային մրցույթների դափնեկիր Արուս Աճեմյանը հանդես կգա մենահամերգով:
Նվագախումբն առանձին համերգային ծրագրեր կնվիրի երաժշտագետ Աննա Բարսամյանի, ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի և անվանի ռուս դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի 100, ինչպես նաև՝ Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակներին, վերջինիս հոբելյանի առիթով՝ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա նվագախմբի առաջատար երաժիշտներից կազմված Հարությունյանի անվան փայտյա-փողային, դաշնամուրային քառյակի շնորհանդեսը:
Փառատոնի ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Բեթհովենի և Խաչատրյանի Ջութակի կոնցերտները, Շոստակովիչի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Դվորժակի Թավջութակի կոնցերտը, Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» ֆանտազիա-նախերգանքը, Հինգերորդ սիմֆոնիան, Մալերի 1-ին սիմֆոնիան, Սկրյաբինի «Էքստազի» պոեմը, Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը, Դվորժակի հանրահայտ 9-րդ սիմֆոնիան, Ստրավինսկու «Սրբազան գարունը», Սեն-Սանսի 3-րդ սիմֆոնիան և մի շարք այլ ստեղծագործություններ:
Հոկտեմբերի 10-ին նվագախումբը կներկայացնի ամերիկացի կոմպոզիտոր Էնթոնի լա Բոունթիի «Շարական» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Այս ստեղծագործության սիմֆոնիկ նվագախմբի տարբերակը կոմպոզիտորը հատուկ գրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար:
Փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կհնչեն Բարտոկի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, Սեն-Սանսի «Մուսան և պոետը»՝ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, Պուչչինիի սիմֆոնիկ պրելյուդը, Բարբերի Ջութակի կոնցերտը, ժամանակակից կոմպոզիտորներից Պենդերեցկու 3-րդ սիմֆոնիայի ադաջոն:
Արամ Խաչատրյանի անվան տրիոյի կատարմամբ կհնչեն Գեորգի Սվիրիդովի կամերային ստեղծագործությունները, որոնց մեծ մասը Հայաստանում կատարվելու է առաջին անգամ:
Մշտապես կարևորելով նվագախմբի տաղանդավոր մենակատարներին աջակցելու ծրագրերը՝ այս տարի նույնպես փառատոնի շրջանակում հանդես կգան նվագախմբի մենակատարները՝ ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և տրոմբոնահար Վահրամ Դավթյանը: Նրանց կատարմամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեն Ռոտայի Ֆագոտի կոնցերտը և Դավիդի Տրոմբոնի կոնցերտինոն:
Փառատոնը ներառում է երկու համերգային ծրագիր դպրոցականների համար: Նոյեմբերի 11-ին և 18-ին Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտներն իրենց հասակակիցների համար կհնչեցնեն հատվածներ Խաչատրյանի մանկական ալբոմից:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ փառատոնի փակման հանդիսավոր համերգին կներկայացնի նորարարական մի ծրագիր. առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ: Համերգին կմասնակցեն Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) և դաշնակահար Վահագն Հայրապետյանը:
Համերգները տեղի կունենան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Արամ Խաչատրյան տուն-թանգարանում: Համերգների սկիզբը՝ ժամը 19.00-ին:
Նշենք, որ փառատոնն անցացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Դասական երաժշտության աջակցության հասարակական կազմակերպության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Նախորդող հրապարակումներ՝
Հետաքրքիր երկու ամիս՝ հայաստանյան երաժշտական կյանքում. Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն
Արամ Խաչատրյանի անվան փառատոն. «Բոլոր արտիստները հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար»