Հերթական զանգվածային սպանությունը ԱՄՆ-ում
Ֆլորիդայում մի տղամարդ կրակ է բացել Ինգլիս քաղաքի վարչական շենքի վրա: Նա սպանել է երկու մարդու, ապա ինքնասպան եղել: Օրեգոն նահանգում էլ կրակ են բացել քոլեջի վրա: Նշվում է, որ 26-ամյա ուսանողը կրոնական շարժառիթ է ունեցել:
Ականատեսները պատմել են, որ նա զոհերին ընտրել է` ըստ կրոնական պատկանելության, կրակելով միայն քրիստոնյաների վրա:
Ողբերգության վայրում արդեն ծաղիկներ ու մոմեր կան:
Քրիս Հարպեր Մերսեր անունով ուսանողը քոլեջում հայտնվել է առավոտյան ժամը 10-ին, զինված: Ընտրել է այնպիսի վայր, որպեսզի կարողանա հնարավորինս մեծ թվով մարդկանց սպանել: Արդեն պարզվել է, որ նա միայնակ է գործել:
Ինտերնետային գրառումներն ուսումնասիրելով իրավապահները պարզել են նրա վերջին խոսքերը. «Սա միակ դեպքն է, երբ դուք կլսեք իմ մասին նորություններով»:
Ականատես ուսանողների պատմածները սահմռկեցուցիչ են, նրանց աչքի առաջ Մերսերը ուսուցչուհուն սպանել է` գլխին կրակելով:
Տեղի ունեցածից մի քանի ժամ անց ժողովրդին է դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` նշելով, որ նման դեպքում ցավակցություններն ու աղոթքները բավարար չեն: Նա հույս է հայտնել, որ իր նախագահության օրոք այլևս նման դեպքեր չեն լինի. «Ահավոր է: Եվ մենք կարող ենք դա փոխել»:
«Վեստի.ռու»-ն հիշեցնում է, որ ԱՄՆ ներկա և նախկին նախագահները միշտ կոչ են արել խստացնել զենքի շրջանառության վերահսկողությունը: Միաժամանակ, կան ընդդիմացողներ, որոնք պնդում են, որ զենք ավելի շատ է պետք, որպեսզի օրինակ ուսանողները կարողանան պաշտպանվել: