«Независимая газета». Բաքուն չի շտապում ԵՏՄ անդամ դառնալ
Նախօրեին մի շարք լրատվական գործակալություններ տարածել էին Ադրբեջանի արտգործնախարարի հարցազրույցը, որում վերջինս նշել էր, որ Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը: Այս մասին գրում է Независимая газета պարբերականը` հավելելով, որ Մամեդյարովի խոսքերը մեծ ռեզոնանս էին առաջացրել:
Շարունակելով պարբերականը գրում է, որ այդուհանդերձ Բաքվում այս հայտարարությանը հանգիստ են վերաբերում` առաջարկելով լուրջ ենթադրություններ չանել:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում մեր հարցմանն ի պատասխան ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին Մամեդյարովի հայտարարությունը: Իսկ որոշ փորձագետներ զարմանքով ընդունեցին այդ հայտարարությունը»,-գրում է պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար աշխատակից Շահիդ Շահալիևը իրենց հետ զրույցում հայտնել է, որ Մամեդյարովի հայտարարությունը սխալ է մեկնաբանվել։
«Ադրբեջանը մինչև վերջերս հստակորեն զերծ էր մնում որևէ տնտեսական միության անդամակցելուց։ Այդ մասին բազմիցս հայտարարել է նաև նախարարը, այդ թվում՝ ռուսական պարբերականներին»,- ասել է փորձագետը։
Վերջինս նաև հիշեցրել է Մամեդյարովի վերջին հայտարարությունն այն մասին, որ Բաքուն «ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու առևտրային կապերի հարցում նախապատվությունը տալիս է երկկողմ ձևաչափին, ինչը լիովին արդարացնում է իրեն՝ փոխադարձ և ձեռնտու համագործակցության առումով»։
Փորձագետի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում ևս մի լուրջ խոչընդոտ է դրա հիմքով ստեղծված Մաքսային միությունը։
«Այդ միությանն Ադրբեջանը չի անդամակցի, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-նշել է Շահիդ Շահալիևը։