Չեմ կարծում` Ադրբեջանը մեծ ռազմական պոտենցիալ ունի, որ պատերազմ սկսի. Թոմաս Դե Վալ
Ադրբեջանում իշխող վարչակազմի համար հսկայական ռիսկ է պահանջվում լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելու համար, ինչը հայտնի չէ` ինչպես կավարտվի այդ երկրի համար: Այսօր «Մեդիա Կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտարարեց Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վալը: Նա ասուլիսին մասնակցում էր Լոնդոնից տեսազանգի միջոցով:
«Չեմ կարծում` նրանք այնպիսի մեծ ռազմական պոտենցիալ ունեն, որ պատերազմ սկսեն: Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչպես կարձագանքի դրան ռուսական կողմը: Բայց չնայած դրան, այս համակարտության մեջ իրավիճակը վատանում է շփման գծում, իսկ դա նշանակում է, որ կողմերը, հատկապես ադրբեջանական կողմը արդեն ականանետ, հրթիռներ է օգտագործում», -հայտարարեց Դե Վալը` նկատելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման վրա այդ հանգամանքը կարող է վատ ազդեցություն ունենալ:
Վերլուծաբանի դիտարկմամբ, ճիշտ է հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչ-որ աշխատանքներ կատարում է, բայց ստեղծված իրավիճակում դա նվազագույնն է:
«Առավելագույնը հակամարտության կարգավորումն է, որի հեռանկարը սակայն, չկա: Բոլորը Ղարաբաղում խաղաղություն են ցանկանում, բայց հասկանալի չէ` ինչ ճանապարհով», -հավելեց վերլուծաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին