Ջորկաեֆ. «Երևանը, իրոք, հարազատ է ու անփոխարինելի»
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆը, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսը և Հունաստանի ատլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Դիմակոս Պանագիոտիսը, ովքեր «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնին ներկա լինելու նպատակով ժամանել են Երևան, հանդիպել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Քաղաքապետը հյուրերին ներկայացրել է մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացմանն ուղղված աշխատանքները՝ առողջ ապրելակերպի խթանման նպատակով:
«Մարզական օջախների նորոգման ու նոր մարզագույքով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքներից բացի, մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մենք բակային տարածքներն ենք նաև կահավորում մարզական գույքով ու ֆուտբոլի փոքր խաղադաշտերով, ինչը, համոզված եմ, իր կարևոր դերն ունի առողջ ու սպորտասեր սերունդ դաստիարակելու գործում: Եվ ուրախալի է, որ հատկապես վերջին տարիներին երևանյան մարզիկները տարբեր մարզաձևերում շոշափելի ձեռքբերումներ են գրանցում, այդ թվում նաև՝ համահայկական ու հանրապետական մրցումներում՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռոբերտ Էմմիյանն իր հերթին կիսամարաթոնի բոլոր մասնակիցների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ երևանյան առաջին միջազգային կիսամարաթոնի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն էլ, իր հերթին, նկատել է, որ սպորտի զարգացման հարցում Երևանի քաղաքապետի մոտեցումները, ըստ էության, հենց այն հիմնական գրավականն են, որոնք անպայման կնպաստեն առողջ ապրելակերպի խթանմանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Բոլոր սփյուռքահայերիս համար, պարոն քաղաքապետ, համոզված եղեք, Երևանը, իրոք, հարազատ է ու անփոխարինելի: Շատ ուրախ եմ, որ քաղաքը զարգացնելուն զուգահեռ Դուք առանձնակի կարևորում եք սպորտի դերը՝ առողջ սերունդ դաստիարակելու հարցում: Լիահույս եմ, որ միջազգային այս կիսամարաթոնը ևս իր ուրույն նպաստը կբերի այդ գործին ու կսիրվի քաղաքի բնակիչների կողմից»,- նշել է Յուրի Ջորկաեֆը: