Ծագումով թուրք երգչուհի. Մարդն այն ժամանակ է մարդ, երբ առնչվում է իր կեղտոտ անցյալի հետ (տեսանյութ)
«Հայ ազգը պատանեկության տարիներից իմ սրտի խորքում է: Պոլսում կոնսերվատորիայում սովորելու տարիներին հայազգի դասընկերներ ունեի, որոնց հետ շփումն ինձ ծանոթացրեց հայ ազգին ու հայ մշակույթին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:
Նա պատմեց, որ ծնվել է Թուրքիայում, մի քանի ամիս անց ընտանիքով տեղափոխվել են Գերմանիա: Դպրոցական տարիներին որևէ բան չի իմացել հայերի, հայերի պատմության մասին:
«Երբ երիտասարդ էի, վերադարձանք Թուրքիա: Միայն այդ ժամանակ իմացա, որ Թուրքիայի տարածքում նախկինում ապրել են հայերը, հայերի բնօրրան է: Ինձ համար նոր աշխարհ բացվեց: Հենց այդ ժամանակվանից սկսվեց իմ կապը հայ երգարվեստի, մշակույթի հետ»,- ասաց երգչուհին:
Լեման Շտեհնի խոսքով, Թուրքիայից կրկին վերադարձել է Գերմանիա՝ մշտական բնակության: Երկար ժամանակ կապը խզել է հայկական երգարվեստի հետ, մինչև, ըստ նրա, տեղի ունեցավ ողբերգական զոհաբերություն. «Ինձ ցնցեց, որ մենք կորցրեցինք իմ սիրելի եղբայր Հրանտ Դինքին: Նրա ամենասիրած երգերից էր՝ «Սարի գելին» երգը»:
Ծագումով թուրք երգչուհին համոզված է` մարդն այն ժամանակ է մարդ, երբ առնչվում է իր կեղտոտ անցյալի հետ. «Իրերը պետք է կոչել իրենց անուններով: Ինչպես կարող է մարդ Գենոցիդ անվանումից խուսափել: Բնականաբար, ես ասում եմ Հայոց ցեղասպանություն: Ինչպես կարող եմ այդպես չանվանել: Ես անընդհատ նոր տեղեկություններ եմ հավաքում այդ իրողության մասին: Իբրև պարտք եմ ինձ համարում մասնակցել ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջոցառումներին»:
Թուրք երգչուհին ներողություն խնդրեց հայ ժողովրդից, Հայոց ցեղասպանության զոհերից ու նրանց հարազատներից՝ թուրք ժողովրդի կողմից գործված մեղքի համար. «Հայոց ցեղասպանության մասին պետք է պատմվի Թուրքիայի դպրոցների դասագրքերում, ստի վրա հիմնված պատմությունը պետք է վերանա»:
Ասում է` «տխրում եմ, ամեն անգամ, երբ նայում եմ Մասիսին ու Սիսին: Աստվածատուր պարգև է: Տիրոջից չպետք է խլել այն, ինչն իրենն է: Արարատին նայելը հիշեցնում է մարդ լինելու մասին, մարդ լինելու համար պետք է մտածել պարտքը կատարելու մասին»:
Կրկին վերադարձը Հայաստան իր համար պատիվ է համարում. «Ամեն տարվա ապրիլի 24-ին իմ սիրտը Երևանում է, Ծիծեռնակաբերդում: Հույս ունեմ՝ գալիք տարվա ապրիլի 24-ին լինել այստեղ»:
Նշենք, որ երգչուհին արդեն երկու համերգ է ունեցել Հայաստանում: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին կայացած «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրի ժամանակ ելույթ է ունեցել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) հետ՝ կատարելով Կոմիտաս: Առաջիկայում ևս երկու համերգ ունի:
Եվրոպական երկրներում հանդես գալով տարբեր հայկական ծրագրերով, նա ուրույն մոտեցում է ցուցաբերում Հայոց մեծ եղեռնի ճանաչման համնախնդրին:
Լեման Շտեհնը ծնվել է 1968թ. Ստամբուլում: Երգել է Ստամբուլի պետական օպերայի և բալետի թատրոնի երգչախմբում: Գևորգ Դավթյանի շնորհիվ, ով այսօրվա Ստամբուլի օպերային թատրոնի տնօրենն է, Լեմանը ծանոթացել և սիրել է հայ երգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա