Արցախի ԱԳՆ-ն ուսումնասիրում է Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցչի տան վրա հարձակման փաստը (լուսանկար)
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցչի տան վրա կատարված հարձակման փաստը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Սարգսյանը:
«Միջադեպը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Ներկա դրությամբ ուսումնասիրում ենք կատարվածը», -փոխանցեց խոսնակը:
Նշենք, որ ավելի վաղ ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ կրակել են Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա ու հրապարակել լուսանկար:
«Բեռլինում երեկ կրակել են Գերմանիայում ԼՂՀ Ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա։ Ավելի վաղ, տան դիմացին հայտնվել էր Հայերի դեմ վիրավորական գրառում։ Ներկայացուցիչը դա լուրջ չէր ընդունել։ Դեպքը հավանաբար կապված է Հ․Գրիգորյանի վերջին ժամանակներս ցուցաբերած ակտիվության հետ։ Տուժածներ չկան»,- գրել էր նա: