«Ոչ»-ի ճակատում վայրահաչոցներ են հնչում. ՀՀԿ-ական
«Ելույթ ունեցողները ոչ թե խոսում են կոնկրետ սահմանադրական փոփոխությունների մասին կամ մարդկանց փորձում են բացատրել Նախագծի դրույթները, այլ վայրահաչում են: Դավաճանը նրանք են, որ այսօր պետության առջև կանգնած խնդիրներից խոսեն, կառուցողական առաջարկներ անեն, պատերի տակ խոսում են», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` մեկնաբանելով երեկ Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում հնչած հայտարարությունը, թե ովքեր կողմ կքվեարկեն Նախագծին դավաճաններ կհամարվեն:
Նա ասաց, որ Գյումրիում հետևել է սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի դուրս եկած «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին ու եզրակացրել` «բոբիկ էին, մտքով բոբիկ էին, միայն վայրահաչոց էր, ուրիշ լուրջ բան չեմ լսել»:
Անդրադառնալով Ազատության հրապարակում հնչած հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններին «ամբողջ հասարակությունն է դեմ, այդ թվում` հանրապետական կուսակցության շարքերը», Ավետիսյանն ասաց, որ դրանք «էժան խոսակցություններ են»:
«Հանրապետական կուսակցության ստորին, վերին ու միջին օղակներում հարցը քննարկվել է և բոլորի հետ խոսվել է ըստ էության: Հերիք է ձեզ իրավունք վերապահեք խոսեք ժողովրդի անունից, օրը կգա, ժամը կգա քվեարկությունը կլինի ու ժողովուրդն իր ձայնը կհայտնի», -հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Իշխանության ներկայացուցիչը իր համար ցավալի փաստ է արձանագրում` «Մենք ընդդիմություն չունենք: Ես Գյումրիում տեսա, թե ինչ քիչ են ու իսկապես ցավալի էր, որ քաղաքական ուժերը այդքան քիչ մարդ էին կարողացել բերել հանրահավաքի: Իրենք իրենց սպառել են և արդեն ժամանակն է, որ տեղը զիջեն կոնստրուկտիվ ընդդիմության, նորմալ ընդդիմության, որը ոչ թե կվայրահաչի, այլ կմտածի երկրի ապագայի մասին»:
Թեմային առնչվող հրապարակում`
Արմեն Մարտիրոսյան. Քիչ ենք, որովհետև կարծում եմ, այլ ուղերձ է պետք հասարակությանը