ՖԻՖԱ-ի խոշորագույն հովանավորները պահանջում են Բլատտերի հրաժարականը
«Coca-Cola», «McDonald’s» և «Visa» ընկերությունները, որոնք արդեն երկար տարիներ համաշխարհային ֆուտբոլային մարմնի հովանավորներն են, վստահ են, որ Յոզեֆ Բլատտերի հեռացումը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից կօգնի արագ վերականգնել կազմակերպության հեղինակությունը:
«Օրեցօր ՖԻՖԱ-ի հեղինակությունն ավելի ու ավելի է խամրում,- նշված է «Coca-Cola»-ի հայտարարության մեջ:- ՖԻՖԱ-ն շտապ ու լայնածավալ բարեփոխումների կարիք ունի, որոնք կարող են կատարվել միայն լիարժեք անկախ մոտեցման դեպքում: Բլատտերի հեռացումը կօգնի սկսել բարեփոխման գործընթացը, իսկ դա, իր հերթին, կօգնի վերադարձնել բոլոր նրանց հավատը, ովքեր սիրում են ֆուտբոլը»:
Իր հայտարարություն է տարածել նաև «McDonald’s»-ը:
«Վերջին շաբաթների իրադարձությունները շարունակում են նվազեցնել ՖԻՖԱ-ի հեղինակությունն ու հրապարակային վստահությունը նրա ղեկավարության հանդեպ: Մենք կարծում ենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի անհապաղ պաշտոնաթողությունը լիովին համապատասխանում է համաշխարհային ֆուտբոլի հետաքրքրություններին: Այն կթույլատրի սկսել արդյունավետ բարեփոխումների գործընթաց, որն այնքան պետք է կազմակերպությանը»:
Համանման բովանդակությամբ հայտարարությամբ նաև «Visa»-ն է հանդես եկել:
«Ինչպես արդեն ասել ենք, ենթադրում ենք, որ պայմաններ են անհրաժեշտ՝ գործուն բարեփոխումներ իրականացնելու համար: Առաջին՝ բարեփոխումները պետք է ձևավորվեն ու ներդրվեն անկախ հանձնաժողովի կողմից՝ ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ: Երկրորդ՝ ՖԻՖԱ-ի այժմյան ղեկավարությունը չի կարող իրական բարեփոխումներ կատարել:
Հաշվի առնելով անցած շաբաթվա իրադարձությունները՝ ակնհայտ է, որ Յոզեֆ Բլատտերի անհապաղ պաշտոնաթողությունը լիովին համապատասխանում է ՖԻՖԱ-ի և, ընդհանուր առմամբ, սպորտի շահերին»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Բլատտերի դեմ: Սակայն ֆուտբոլային գլխավոր պաշտոնյան հերքում է բոլոր մեղադրանքները և շեշտում, որ չի պատրաստվում հեռանալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում