«Ամերիաբանկը» ներդնում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների BankWorld համակարգը
Ամերիաբանկն այսօր CR2 իռլանդական ընկերության հետ կնքեց հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրեցին «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ու CR2 ընկերության գործադիր խորհրդի անդամ և կոմերցիոն տնօրեն Կիերան Կիլկուլլենը։
Ինչպես լրագրողներին հայտնեց Արտակ Հանեսյանը, CR2 աշխարհի առաջատար ընկերություններից է, որն առաջարկում է հեռահար բանկային համակարգերի և ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ: Այն ունի 100-ից ավելի հաճախորդ աշխարհի շուրջ 60 երկրներում:
Այսպիսով, ըստ Ա.Հանեսյանի, հեռահար սպասարկման բոլոր եղանակները միավորված կլինեն մեկ միասնական հարթակում, ինչը հաճախորդին կապահովի հարմարություն և միանման ստանդարտացված հասանելիություն բոլոր ծառայություններին՝ հեռահար սպասարկման ցանկացած համակարգից: Բանկային քարտերով գործարքներից բացի, մատչելի կլինեն նաև այլ ծառայություններ, այդ թվում՝ գումարների արագ փոխանցումներ, որոնց համար հնարավոր կլինի օգտագործել ինքնության հաստատման տարբեր միջոցներ, այդ թվում նաև՝ բջջային համարը:
Հեռավար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների BankWorld համակարգը կներդրվի մի քանի փուլով և ամբողջությամբ կգործարկվի 9-12 ամսվա ընթացքում:
«Արդյունքում՝ կառաջարկենք ավելի ժամանակակից և այսօրվա դրությամբ հաճախորդների համար ավելի ճիշտ լուծումներ՝ ինչպես բանկոմատներից օգտվելու, այնպես էլ ինտերնետ-բենքինգի, մոբայլ-բենքինգի և այլ ծառայություններ ստանալու առումով», - ասաց Ա. Հանեսյանը՝ հավելելով, որ այն կնպաստի հեռահար բանկային համակարգի սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում:
Նա միաշամանակ նշեց, որ այս համակարգը հարմարավետ է ոչ միայն հաճախորդների, այլ նաև բանկի համամար:
«Կան բանկեր, որոնք գնում են մասնաճյուղերի բացման ճանապարհով, իսկ մենք այլ ուղի ենք ընտրել՝ հասկանալով, որ ապագան հեռահար կառավարման համակարգերինն է, ուստի այդ ուղղությունն ենք զարգացնում»,- ընդգծեց Ա.Հանեսյանը:
CR2 ընկերության գործադիր խորհրդի անդամ և կոմերցիոն տնօրեն Կիերան Կիլկուլենն էլ նշեց, որ ավելի քան երկու տարի աշխատել են Ամերիաբանկի հետ, և այդ համագործակցության արդյունքում Հայաստանում այսօր ներդնում են բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների համակարգը:
«Հուսով ենք, որ այն թույլ կտա բանկին էլ ավելի ամրապնդել իր առաջատար դիրքը շուկայում: Այսուհետ Ամերիաբանկի հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել շուկայում առկա ծառայությունների ամենամեծ փաթեթից, այլև վայելել արագ և հարմար սպասարկման բոլոր առավելությունները»,- նշեց Կիերան Կիլկուլենը:
Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքերով՝ հեռակա համակարգերն ու հաճախորդների սպասարկման հեռահար ծառայությունները Ամերիաբանկի ռազմավարական ուղղություններին մեկն են հանդիսացել: Արդյունքում, ըստ նրա, միջազգային պրակտիկայում ընդունված բոլոր հիմնական համակարգերը Ամերիաբանկը ներդրել է:
«Ինտերնետ ծառայություններին զուգահեռ արդեն ունենք ներդրված մոբայլ բանկային ծառայությունները, կանխիկի մուտքագրման հնարավորությամբ բանկոմատները, ինչպես նաև՝ «TV Banking»-ը: Վերջին մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է ներդնել բոլոր հիմնական հեռահար ծառայությունները»,- ասաց նա:
Այսպիով, BankWorld համակարգը Ամերիաբանկին հնարավորություն կընձեռի առաջարկել նորարար բանկային ծառայություններ, որոնք 24/7 ռեժիմով հասանելի կլինեն ինքնասպասարկման սարքավորումների՝ բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաև ժամանակակից ինտերնետ և մոբայլ համակարգերի միջոցով: Բացի այդ, հաճախորդը ցանկացած ժամանակ կարող է իր քարտի գաղտնաբառը փոխել, առանց քարտի կարող է գումար ստանալ իր հաշվից, քաղվածքներ տպել, փոխանցումներ անել: