Բակո Սահակյան. Պատահական չէ, որ հին ժամանակներում ժողովուրդն իր մեծերին ուսուցիչ էր անվանում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ամեն տարի մենք ավանդաբար նշում ենք այս տոնը` որպես ուսուցչի չափազանց կարևոր ու պատվաբեր աշխատանքի արժևորման և նրանց հանդեպ մեր երախտիքի արտահայտության դրսևորում: Դա այն եզակի մասնագիտություններից է, որ միշտ բարձր է գնահատվել ժողովրդի կողմից, վայելել շրջապատի սերն ու հարգանքը: Դարեր շարունակ ուսուցիչը ոչ միայն կրթում ու դաստիարակում էր մատաղ սերնդին, այլ նաև ամենաբարդ իրավիճակներում օգնում մարդկանց իր իմաստուն խրատներով ու խորհուրդներով: Եվ պատահական չէ, որ հին ժամանակներում ժողովուրդն իր մեծերին ուսուցիչ էր անվանում:
Այսօր էլ ուսուցիչն իր արժանի տեղն է զբաղեցնում մեր հասարակության մեջ: Վստահ եմ` բոլոր աշակերտներն էլ հետագայում մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում իրենց ուսուցիչներին, նրանց, ովքեր, հավատարիմ այդ բարձր կոչմանը, ջանասիրաբար իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցում են դպրոցի շեմին ոտք դրած երեխաներին, օգնում նրանց դառնալ հայրենիքին պիտանի մարդիկ:
Պետությունը միշտ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ու գիտության ոլորտը, առաջնահերթ լուծում տալիս այստեղ առկա խնդիրներին, իրականացնում տարբեր ծրագրեր` դպրոցների կառուցման ու վերակառուցման, արդի պահանջներին համապատասխան պայմանների ստեղծման, կրթության մակարդակի շարունակական բարձրացման ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան