Է. Նալբանդյան. Յուրաքանչուր իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ է մշակել անհատական մոտեցումներ
«Հարատև խաղաղության կարելի է հասնել ոչ թե ուժ կիրառման, այլ քաղաքական լուծումների միջոցով: Դրանք պետք է ընդունվեն հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ: Քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափն ու հնարավոր տեղակայումը»,- Երևանում մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման խոսքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով, Հայաստանը մեծ կարևորոթյուն է տալիս խաղաղապահ գործունեությանը մասնակցելուն և ծանրակշիռ ներդրումներ ունենալուն, ինչպես նաև երկկողմանի համագործակցությանը:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, Է. Նալբանդյանն ասաց, որ բանակցություններին ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որը ստանձնել է լուծել հակամարտությունը խաղաղ և բանակցային ճանապարհով: Ըստ նախարարի, Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը վերաբերում է ոչ միայն միջնորդությանը, այլ նաև պարունակում է կանխարգելման գործուն մեխանիզմներ: Միջնորդների կողմից առաջարկված հրադադարի ռեժիմի խախտումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԱԳ նախարարի խոսքով, կարող է կանխարգելման գործուն մեխանիզմ հանդիսանալ: Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 28-ին համանախագահներն այս կապակցությամբ վերահաստատել են իրենց առաջարկությունը:
«Մանդատներն ու առաքելությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ընդհանուր մոտեցումների կամ ձևանամուշների վրա, այլ հատուկ մշակվեն՝ աջակցելու համար քաղաքական որոշումների իրականացմանը:
Յուրաքանչուր իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ է մշակել անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց»,- իր ելույթում ասաց Է. Նալբանդյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Ներկայումս Հայաստանը հանդիսանում է միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող. Ս. Օհանյան
«Հակամարտությունները մեզանից առաջ են ընկնում». Երևանում մեկնարկել է «Խաղաղապահության պրոբլեմները» միջազգային համաժողովը