Ճարտարապետական միտքը պետք է լինի ակտիվ ու գործնական. վարչապետ
«Արդեն երկրորդ տարին, հատուկ արժևորելով և նշելով ճարտարապետի միջազգային օրը, որպես կառավարության ղեկավար ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել՝ մենք շատ կարևորում ենք ազգային-ավանդական ձեր մասնագիտությունը, ստեղծագործ մտքի պտուղները, որոնք կյանքի կոչվելուց, կառույցի վերածվելուց հետո այլևս ծառայում են մեր հանրությանը»,-ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ կառավարության նիստերի դահլիճում Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ: Տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական ժամանակակից ճարտարապետությունը, շարունակելով ոլորտի հարուստ ավանդույթներն, այսօր էլ ստեղծում է շինություններ, որոնցով հպարտանում ենք և որոնք մեր երկրի դեմքն են. «Երբ մենք՝ հայերս, քննական հայացքով փորձում ենք գնահատել, թե ինչ ենք տվել, ինչով ենք հետաքրքիր աշխարհին, առաջինների թվում առանձին հպարտությամբ նշում ենք հայ ճարտարապետությունը»:
Կառավարության ղեկավարն ասել է, որ այս տարի արդեն հանրապետությունում իրենց դռներն են բացել մշակութային, կրթական, մարզական ու սպասարկման բազմաթիվ կենտրոններ, այդ թվում՝ աշխարհում մեծ ճանաչում ունեցող ընկերությունների հյուրանոցներ՝ նպաստելով մեր երկրի տնտեսության զարգացմանն ու զբոսաշրջության խթանմանը:
«Համագործակցության մթնոլորտում միայն կարող ենք շինարարության բնագավառում ապահովել ներդրումներ և տնտեսական աճ: Ճարտարապետական միտքը պետք է լինի ակտիվ ու գործնական՝ որպես արդյունք ստեղծելով նոր հոյակապ կառույցներ»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու Աշոտ Կանայանին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության պրոֆեսոր Ալբերտ Զուրաբյանին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանին:
Վարչապետի շնորհակալագրով է խրախուսվել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Արսեն Առուստամյանը և քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: