«Գնորդը մեր սրտով է». Մակարյանը «Տաշիր»-ի կողմից «ՀԷՑ»-ի գնման մասին
«Իմ և մեր միության վերաբերմունքը դրական է: Գնորդը մեր սրտով է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ ներկայացնելով իրենց տեսակետը «Տաշիր» ընկերության կողմից «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու գործարքի մասին:
Նա նկատեց, որ այս գործարքից կշահի թե ժողովուրդը, թե բիզնեսը. «Մենք ազատվեցինք այս ռուսական ատկատներով աշխատող համակարգից»:
Գործատուների միության նախագահի խոսքերով շատ լավ և կարևոր է, որ գնորդը հայ է. «Իրենց ներդրումներով կնպաստեն համակարգի բարձրացմանը: «ՀԷՑ»-ը կգնա առողջացման, որակը կբարձրանա: Միշտ գնի մասին ենք խոսել, բայց որակի մասին՝ ոչ: Շատ ցիվիլ էր, որ «Տաշիր» գրուպը ներկայացվեց շատ ազատ կերպով, առանց թաքնվելու»:
Մակարյանը հույս հայտնեց, որ ընկերությունը կսկսի ուշադրություն դարձնել տեխնիկական մասին ու որակին, կփոխի տրանսֆորմատորները, ապահովիչները, քանի որ ՀՀ էլեկտրաէներգիայի որակը չեն համապատասխանում միջազգայինի ստանդարտներին:
«Ես մնում են այն կարծիքին, որ փոքր բիզնեսին կոմպեսացնելու գումարներն ավելի լավ կլիներ է օգտագործել Գյումրիում բնակարանաշինության համար: Դրանով շինարարաների, շինարարական ընկերությունների համար աշխատանք կստեղծվեր: Դուրս գնացող աշխատուժին կարելի էր ինտեգրել այստեղ»,-ավելացրեց Մակարյանը: