«Վերադարձի» փառատոն. Դասականից մինչև ժամանակակից երաժշտության հինգ համերգ
«Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնը նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կայանալու է հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամից:
Փառատոնը, կազմակերպիչների խոսքով, կոչ է, արդի հայաստանյան հասարակությունից և իրականությունից բխող ազդակ, որն ուղղված է աշխարհասփյուռ բոլոր հայերին:
«Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց, այն փորձ է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու և ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը:
Հենց այս և մի շարք այլ հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով է պայմանավորված «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի անցկացման արդիականությունը:
Գեղարվեստական առումով փառատոնի անցկացումը նպատակ ունի
• Մեկ մասշտաբային ծրագրի շրջագծում հայաստանյան ունկնդրին ներկայացնել բարձրակարգ երաժիշտների կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները,
• Ծրագրի համերգներում ընդգրկված հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների` տարբեր ժամանաշրջանների և ուղղությունների նորովի կատարում,
• Ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման միջոցով` խրախուսել և օժանդակել նոր ստեղծագործական մտահղացումների կայացմանը, մասնակցել ժամանակակից ստեղծագործությունների հանդեպ հանրային պահանջի ձևավորման գործընթացին,
• Ծրագրի իրականացման միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնել Հայաստանում դասական արվեստի և մշակույթի զարգացման խնդիրները,
• Ապահովել օտարազգի արվեստասերների և արվեստագետների հարաճուն մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող մշակութային իրադարձություններին»,- նշում են կազմակերպիչները:
Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը:
Այս տարի փառատոնի շրջանակներում ընդգրկված են տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից: Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ փառատոնի հանդիսավոր բացման համերգի (հոկտեմբերի 19, Արամ Խաչատրյան համերգասրահ) ընթացքում առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը` ՀՀ Ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ: Նույն համերգին հանդիսատեսը նաև հնարավորություն կունենա ունկնդրելու երկար տարիներ երևանյան համերգասրահներում չկատարված Էդգար Հովհաննիսյանի «Կոնցերտ Բարոկոն» (մենակատար` Անի Բատիկյան, Մեծ Բրիտանիա), Ալֆրեդ Շնիտկեի թիվ 1 Կոնչերտո Գրոսսոն (մենակատարներ` Անի Բատիկյան, Աստղիկ Վարդանյան), Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիա դաշնամուրի և լարայինների համար ստեղծագործությունը (Սվետլանա Նավասարդյան): Փառատոնի հանդիսավոր բացման համերգի նվագախումբը Հայաստանի պետական կամերային նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես կգա նաև որպես դաշնակահար` Յ. Ս. Բախի ֆա մինոր Դաշնամուրային Կոնցերտի կատարմամբ:
Փառատոնի 2-րդ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ ջութակահար և դիրիժոր Հայկ Դավթյանի շուրջ համախմբված «Նաիրի» լարային կվինտետը, անվանի մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանի հետ համատեղ, հանդես կգան Հայող Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրագրով:
Փառատոնի 3-րդ համերգը (նոյեմբերի 2, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տուն) կներկայացնի դաշնակահարուհի, բազմաթիվ միջազդային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանը (Բելգիա): Արտերկրում ուսումնառության և կատարելագործման երկար ճանապարհ անցած տաղանդաշատ դաշնակահարը հայ հանդիսատեսի առջև հանդես կգա յուրօրինակ «հաշվետվությամբ»` ներկայացնելով դաշնամուրային երկացանկի փայլուն և վիրտուոզ նմուշներից բաղկացած ծրագիր:
Փառատոնի 4-րդ համերգի ընթացքում (նոյեմբերի 5, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն) հայ հանդիսատեսին կներկայացվի նոր երաժշտախմբի` «Վերադարձի» փառատոնի Կվինտետի ստեղծագործական աշխատանքը: Տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող հայ և օտարազգի երաժիշտները միավորվել են «Վերադարձի» փառատոնի գաղափարի շուրջ` ստեղծելով «Վերադարձ» անունը կրող երաժշտախումբ, որն առաջին անգամ կներկայանա հանդիսատեսին:
Փառատոնի եզրափակիչ համերգը (նոյեմբերի 7, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն), կազմակերպիչների ներկայացմամբ, խորհրդանշում է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը: Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Տանգո Կարբոն անսամբլը (Ֆրանսիա) կներկայացնի համաշխարհային տանգոյի գլուխգործոցները: Ջութակահար Դավիթ Հարությունյանը և իր երաժիշտ գործընկերները աշխարհի տարբեր երկրներում շրջագայությունից հետո ելույթ կունենան Հայաստանում` եզրափակելով «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ ն ախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր գործընկերությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան