Միակուսակցական ժամանակներն արդեն անցել են. ՀՅԴ-ն արձագանքում է Քոչարյանին
Խորապես համոզված ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգը շատ ավելի լայն հնարավորություններ է բացելու մեր երկրի զարգացման համար և շատ ավելի ժողովրդավարական ճանապարհ է մեր երկրի համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:
Անդրադառնալով Քոչարյանի հայտարարության այն հատվածին, որ «Սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ ղեկավարող և ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը», դաշնակցական պատգամավորն ասաց. «Գուցե կան նման նշաններ, բայց միակուսակցական ժամանակներն արդեն անցել են: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը: Եվ ընդհակառակը խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալու որոշումների կայացման կոլեգիալ մեխանիզմի ներդրում և նման համակարգի պայմաններում ստիպված են հաշվի առնել ընդդիմության ձայնը»:
Վարդանյանն ասաց, որ ինքը «հարգանքով է վերաբերվում» 2-րդ նախագահի տեսակետներին, բայց այս հարցում իրենց տեսակետներն էականորեն տարբերվում են:
«Ես վստահ եմ, կյանքը ցույց կտա, որ մենք ճիշտ ենք», -հավելեց ընդդիմադիր դաշնակցականը:
Հիշեցնենք Դաշնակցություն կուսակցությունը Սահմանադրության փոփոխությունների հարցում պաշտպանում էր իշխող կուսակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան