Եթե ընդդիմությունն իրեն դրսևորի որպես ընդդիմություն, ապա մենք կունենանք հրաշալի Ընտրական օրենսգիրք. Աղվան Վարդանյան
Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումից հետո հաջորդ փուլում կձեռնարկվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Մենք լարված աշխատանք ունենք Ընտրական օրենսգրքի հետ կապված: Եթե կարողանանք լավ Ընտրական օրենսգիրք կազմել, ապա գրեթե բացառում եմ, որ համամասնական ընտրակարգի պարագայում որևէ կուսակցություն կարողանա մեծամասնություն ունենալ: Մեկ բան կարող եմ ասել, որ այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ ընդդիմություն են, թույլ չտան ԸՕ այնպիսի ձևախեղումներ, որոնք որևէ ուժի առավելություն կտան՝ թաքուն կամ բացահայտ, ապա քաղաքական այսօրվա մեծամասնությունը չի կարող միայնակ այդ օրենսգիրքը ընդունել: Թող որևէ մեկն իր բեռը ուրիշի վրա չդնի:
Այսօրվա Ազգային ժողովում ընդդիմության ձայներն այնքան են, որ նրանք կարող են ապահովել առնվազն կոնստրուկտիվ քննարկում: Եթե ընդդիմությունն իրեն դրսևորի որպես ընդդիմություն, իր քաղաքական իրական շահերը հանուն որևէ այլ բանի չզիջի, ապա մենք կունենանք հրաշալի Ընտրական օրենսգիրք, որի դեպքում նոր խորհրդարանում իշխանությունն այլևս չի կարողանա զբաղեցնել վճռորոշ մեծամասնությունը: Իսկ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրեն այլ կերպ պահի ՝ հարցերը նրան ուղղեք», -հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում