Վահան Արծրունի. Երկու կլոր տարեթիվ` բեմական և ծննդյան տարեդարձներ
«Յուրաքանչյուր արվեստագետի համար գոյություն ունեն կլոր տարեթվեր: Նմանատիպ երկու տարեթիվ ինձ համար լրանում է այս տարի՝ բեմական գործունեության 30-ամյակ և ծննդյան 50-րդ տարեդարձ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:
Նա տեղեկացրեց, որ հոբելյանների առթիվ կազմակերպվում է համերգաշար՝ «Հինգ համերգ՝ հինգ գեղագիտություն» խորագրով: Համերգաշարը ներառում է հինգ բազմաբնույթ համերգային ծրագրեր, որոնք ներկայացնում են ստեղծագործող և կատարող Վահան Արծրունու որդեգրած համերգային ժանրերն ու նախընտրած երաժշտական ուղղությունները:
Վ. Արծրունին նշեց, որ բեմական գործունեության 30 տարիների ընթացքում զբաղվել է տարբեր ժանրերով. «Ինձ համար մեծ նշանակություն ունի ներկայացնել այդ ամենը իբրև ստեղծագործական հաշվետվություն: Ծրագիրն այնպես է կազմված, որ յուրաքանչյուր համերգ ներկայացնում է երաժշտական որոշակի ժանր: Ոչ մի համերգ չի կրկնում նախորդող կամ հաջորդող համերգի ծրագրերը: Լինելու են նաև պրեմիերաներ»:
Երաժիշտը նշեց, որ հինգ համերգով ներկայացնելու է ստեղծագործական կարմիր գիծը, որից հետո կբացվի ազատության նոր տիրույթ՝ նոր ոլորտներ շարժվելու, երաժշտական նոր տեսակներ գտնելու համար:
Համերգաշարի մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին Կամերային երաժշտության տանը կամերային երաժշտության համերգով: Համերգաշարի ընթացքում հնչելու է կամերային երաժշտություն, երգարվեստ՝ Կոմիտասի և Ռ. Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա երգաշար, պրոգրեսիվ գործիքային երաժշտություն, ակուստիկ ռոք երաժշտություն, սիմֆո-ռոք երաժշտություն:
Մասնակցելու են մենակատարներ Հասմիկ Բաղդասարյան, Նելլի Մանուկյան, Էմմանուել Հովհաննիսյան, Մերուժան Տեր-Մինասյան (ՀՀ վաստակավոր արտիստ), «Արծրունի» ռոք խումբը, «InRock Quintet» լարային հնգյակը, Մար Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարինե Եզեկյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հրավերով և մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Գալա համերգը կայանալու է դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգաշարը անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Երբեք կյանքում չեմ ունեցել հովանավոր: Իմ ամբողջ կյանքում, բեմական գործունեության հիմնական հովանավորը եղել է իմ հանդիսատեսը: Այս տարիների ընթացքում համերգ կազմակերպելու փորձ եմ ձեռք բերել: Սակայն այլ բան է, երբ համերգաշար ես ուզում կազմակերպել, որին պետք է մասնակցեն կոլեկտիվներ: Ծավալը մեծ է, ստեղծագործական, մարդկային ռեսուրսներ պետք է ներգրավվել: Այս դեպքում պարզ ընկերային հարաբերությունների շնորհիվ չեն կարող լուծվել բոլոր հարցերը: Դիմել եմ որոշակի կազմակերպությունների, բիզնես ոլորտին, բանկային համակարգի ոլորտին: Անբովանդակ ու անարդյունավետ հանդիպումներ են եղել, մինչև տեղի ունեցավ իմ և Ռիտա Սարգսյանի հանդիպումը: Զրույցը տևել է 12 րոպե: Ներկայացրել եմ ծրագիրը: Անմիջապես հավանության արժանացավ»,- ասաց Վահան Արծրունին:
Նրա խոսքով, առաջին տիկնոջ հասարակական ինստիտուտը յուրաքանչյուր պետության մեջ ցուցանիշն է որոշակի քաղաքակրթական կոդի, որովհետև այդ ինստիտուտի հասարակական գործունեությունը, որոշ առումով անկախ լինելը ինքնադրսևորման առումով կարող է պարզապես որոշակի իրավիճակներում թելադրել ճաշակ, որոշակի ստանդարտներ:
«Մեծ հպարտությամբ եմ դա նշում, քանի որ իմ համերգաշարը տեղի է ունենում նախորդող իրադարձությունների շղթայում՝ Տերտերյանի օպերայի բեմադրությունը, Վերդիի «Ռեքվիեմի» կատարումը: Այդ հարթության մեջ դիտարկել սեփական ստեղծագործական համեգաշարի լինելիությունը, բացի դրական տարրից ոչ մի այլ տարր չի պարունակում իր մեջ, բացի պատվից, ուրիշ որևէ բան չի բերում»,- նշեց Վահան Արծրունին:
Վահան Արծրունին ծնվել է 1965 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում: 1983-91թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: 1986-92թթ եղել է «Նարեկ» արական երգչախմբի մեներգիչ, 1993-94թթ` «Հայսմավուրք» երգչախմբի արտիստ: 1989-94թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1995թ. եղել է Հայաստանի պետական կապելլայի արտիստ: 1994-96թթ հեղինակել և կազմակերպել է «Գուադեմաուս» 4 երաժշտական փառատոները: Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում (կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և երգչախմբային երաժշտություն), հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերով Հայաստանում և արտասահմանում, գրում երաժշտություն կինոյի, թատրոնի և ակտուալ արվեստի ցուցադրությունների համար։ Վահան Արծրունին հայտնի է է նաև կինոյի, անիմացիոն շարժանկարի, թատրոնի և ակտուալ արվեստի բնագավառներում` հեղինակ է 12 վավերագրական ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղի թատրոնի («Գիրք ծաղկանց»), բալետի («Ներդուրս») և բազմաթիվ ակտուալ արվեստի ակցիաների (Քիմիական անձրև, Չսերտաց դասեր, SIMULACRUM) համար գրված երաժշտությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան