Իրանի ԱԳ փոխնախարար. Միջուկային համաձայնությունը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի ընդլայնմանը
«Անկախությունից ի վեր Հայաստանն ու Իրանը գերազանց հարաբերություններ են ունեցել»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Մորթազա Սարմադին:
Փոխարտգործնախարար Սարմադին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարին, մասնավորապես ասել է. «Անկախությունից ի վեր Հայաստանն ու Իրանը գերազանց հարաբերություններ են ունեցել: Միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությունը հայ-իրանական տնտեսական համագործակցության խորացման համար հնարավորություններ է ընձեռում»:
Իրանում ՀՀ դեսպանն էլ իր հերթին, ընդգծելով միջուկային համաձայնության կարևորությունը, նշել է, որ այն կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանը:
«Հայկական մի շարք ընկերություններ ցանկանում են ներդրումներ կատարել Իրանում: Միևնույն ժամանակ մենք կողջունենք իրանական ընկերությունների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկությունը»,-նշել է դեսպան Թումանյանն ու հավելել. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, եթե իրանական ընկերությունները ներդրումներ կատարեն Հայաստանում, ապա նրանք կկարողանան իրենց ապրանքներն արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ: Միևնույն ժամանակ Հայաստանը համարվում է «դարպաս» դեպի Եվրամիություն»:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Ե. Զախարյանն ու Իրանի «Սադերաթ» բանկի տնօրենը քննարկել են էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ֆինանսավորման հարցը
Բիժան Զանգանե. Հայաստանից Իրան ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալները կմեծանան