Մեդիափորձագետ. Ադրբեջանցի գիտակից ընթերցողներն արտագաղթում են դեպի հայկական կայքեր
Սահմանին իրավիճակի սրացումը ինչ-որ ձևով ի հայտ բերեց հայաստանյան տեղեկատվական դաշտում առկա խնդիրները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Մեր տեղեկատվական դաշտն ինչ-որ առումով նմանվեց 2013 թվականի՝ նախընտրական, ընտրական փուլում գործող դաշտին, երբ հայտնվեցին ահռելի քանակի օն-լայն կայքեր, որոնք չունեին ոչ տեր, ոչ լրագրող: Այն ժամանակ աշխատում էին ներքին դաշտի վրա, տարածում էին ապատեղեկատվություն, սև PR: Ընտրություններից հետո դրանք չորացան, անցան»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ այժմ կրկնվում է նույն պատկերը:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, միգուցե պատրաստվում են հաջորդ ընտրություններին, հետապնդում են բիզնես շահեր, սակայն այդ ամենն արվում է անորակ, այս ու այն կողմից տեղեկատվություն գողանալով:
«Շեշտը դրվում է, որ ընթերցող գնա իրենց կայք: Սկզբում հիմնականում անմեղ նյութեր էին տարածում, սակայն սահմանին իրավիճակի սրացումից այդ կայքերում աշխատողները որոշեցին օգտվել ու թրաֆիքը քաշել իրենց վրա: Ահռելի քանակի անհեթեթ տեղեկատվություն լցվեց ցանց ու տարածվեց: Դրանք հիմնականում խուճապ տարածող նյութեր են, տեսանյութեր»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ նման լուրերը ազդում են հասարակության, տեղեկատվական դաշտի վրա:
Ըստ նրա, նմանատիպ կայքերը հասարակության մեջ պահանջ են ստեղծում մտցնել գրաքննություն, որը բացասական երևույթ է և ի շահ հասարակության կաշխատի երկու շաբաթ:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, կարելի է դաշտում առկա խնդիրները լուծել ինքնակարգավորման մեթոդներով:
Նա տեղեկատվական դաշտը համեմատեց լավ և ժամկետանց, վատորակ սնունդի հետ. «Մարդ երբ գնում է խանութ և փչացած սնունդ է գնում, հաջորդ անգամ այդ արտադրողի ապրանքը չի գնում, նաև իր ծանոթներին է խորհուրդ տալիս չգնել: Նույնը տեղեկատվական դաշտում է: Պետք է վստահել այն կայքերին, որոնք ունեն իրենց կայքերում գրված հասցե, հեռախոսահամար, ունեն խմբագիր: Մարդիկ նաև պետք է իմանան, եթե մի կայքում ամեն երկրորդ լուրը սկսվում է «Շտապ», «Հրատապ» բառերով, լրատվություն չէ»:
Մեդիափորձագետը խոսեց նաև ադրբեջանական կայքերի մասին՝ նշելով, որ Ադրբեջանում մեդիա դաշտը խիստ վերահսկելի է դարձել, ընդդիմադիր լրատվամիջոց գոյություն չունի, բացի մեկ հեռուստաալիքից, որը վտարանդի է, իսկ այն լրագրողները, որոնք գտնվում են Ադրբեջանում, հետապնդվում են:
«Այդ վիճակը բերել է նրան, որ իրենց ընթերցողներն արտագաղթում են դեպի հայկական կայքեր: Հինգ տարի առաջ հակառակ իրավիճակն էր, քանի որ մեզ մոտ ցանցային մամուլը զարգացած չէր: Իսկ այսօր Ադրբեջանի քիչ թե շատ գիտակից քաղաքացին հասկանում է, որ իր լրատվամիջոցներում ճշմարտություն չի կարող գտնել»,- նշեց մեդիափորձագետը:
Ս. Մարտիրոսյանը խոսեց նաև ադրբեջանցիների կողմից կեղծ հայկական կայքեր ստեղծելու խնդրի մասին, որոնցով տարածում են ապատեղեկատվություն: Սա էլ, ըստ նրա, իրենց դաշտը սուտ լրատվությամբ լցնելու խնդիր է լուծում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան