Նարեկ Սարգսյան. 2016 թվականը կարող է դառնալ բեկումնային
«Իմ խորին համոզմամբ հայերը ճարտարապետական ստեղծագործական միտք և փորձառություն արտահանող ժողովուրդ են: Դա են վկայում օտարների բազմաթիվ վկայությունները և ուսումնասիրությունները»:
ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով, Ճարտարապետների առջև ծառացած ամենաբարդ խնդիրն այսօր նրանց և հատկապես երիտասարդների զբաղվածությունն է:
«Այս ուղղությամբ հարցի լուծումը մեկն է՝ ապահովել Հայաստանի շինարարության ոլորտի զարգացումը: Ինչպես գիտեք, անցած տարի քաղաքաշինության նախարարությունը, որոշակի վերափոխելով նախարարության վեկտորը, իր կազմում ստեղծեց կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն՝ նպատակ ունենալով մշակել Հայաստանի տարածքների համար գրավիչ ներդրումային ծրագրեր: Այսօր կարող եմ ասել, որ ծանրակշիռ աշխատանք է տարված այս ուղղությամբ»,-ասել է նախարարը, ավելացնելով, որ 2016 թվականը այս առումով կարող է դառնալ բեկումնային:
«Վստահ եմ, որ սրանով վերջ կդրվի վերջին տարիներին ձևավորված այն արատավոր սովորույթին, երբ ճարտարապետներն ավելի շատ ասոցացվում են ճարտարապետության կամ ճարտարապետների մասին խոսողների, քան ճարտարապետություն ստեղծողների մասնագիտության հետ»,- նշել է նախարարը:
Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայաստանում արդեն երկրորդ տարին պետական մակարդակով՝ կառավարության նիստերի դահլիճում՝ հանրապետության վարչապետի, ՀՀ քաղաքաշինության և սփյուռքի նախարարների, Երևանի քաղաքապետի, Ճարտարապետների և շինարարների միությունների նախագահների մասնակցությամբ նշվելով, Ճարտարապետի միջազգային օրը, ավանդական դառնալու միտումներ է ցուցանում:
Ճարտարապետի միջազգային տոնի առթիվ երկրի վարչապետը, ՀՀ քաղաքաշինության նախարարը և Երևանի քաղաքապետը ճարտարապետներին պարգևատրել եմ մեդալներով և շնորհակալագրերով: Տոնի առթիվ սփյուռքի մի խումբ ճարտարապետների և ճարատարապետական ընկերությունների «Արշիլ Գորկի» մեդալով է պարգևատրել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: