Ադրբեջանի ԿԲ արժութային պահուստները նոր անկում են գրանցել
Ադրբեջանի Կենտրոնական Բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ արտարժութային պահուստների կրճատումը շարունակվել է նաև սեպտեմբեր ամսին: Հոկտեմբերի 1-ի դրությամբ ԿԲ արտարժութային պահուստները կազմել են 7 մլրդ դոլար՝ սեպտեմբեր ամսին կրճատվելով 271 մլն դոլարով (-3.7%-ով):
Սեպտեբերին ԿԲ-ի կողմից մոտ 300 մլն դոլարի ինտերվենցիաների կատարումը կրկին պայմանավորված է Ղազախստանի ազգային արժույթի արժեզրկումից հետո Ադրբեջանում առաջացած արժութային խուճապով, որի հետևանքով օգոստոսի երկրորդ կեսից սկսած արտարժույթի պահանջարկը կտրուկ բարձրացել է:
2015թ-ին հունվար-սեպտեմբեր ամիսներին պահուստները կրճատվել են 6.7 մլրդ դոլարով (-48.8%-ով) և հավասարվել 2011թ-ի դեկտեմբերի մակարդակին:
Հաշվի առնելով՝ ԿԲ-ի վերջին ամիսներին իրականացվող միջոցառումները, այն է՝ շարունակել ինտերվենցիաները, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունները որոշել են, ամեն կերպ պահել մանաթի փոխարժեքը՝ փոշիացնելով տարիներ շարունակ իշխանությունների պարծանքի առարկա արտարժութային պահուստները:
Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ