Ներսես Երիցյանի խորհուրդը. խնայողությունները պահել ազգային արժույթով
«Մենք ձգտում ենք հասնել նրան, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիրները շուտափույթ լուծում ստանան, իսկ երկրի տնտեսությունը զերծ մնա արտաքին ցնցումներից»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
«Մենք ցանկանում ենք, որ ըստ կարողությունների վարկ վերցնելը մեր քաղաքացիների համար դառնա մատչելի, և պայմաններն էլ լիովին համապատասխանեն վարկառուների եկամուտներին և ընտանեկան բյուջեին: Ցավոք, որևէ երկրի դեռ չի հաջողվել այս խնդիրը լիարժեք լուծել, քանի որ մարդկանց պահանջները զարգացմանը զուգահեռ ավելի արագ են աճում: Ես կարծում եմ, որ նման քննարկումները ևս նպաստում են, որպեսզի մենք ապագայում այս հարցում կարողանանք ավելի լուրջ հաջողությունների հասնել»,- ասաց Ն.Երիցյանը:
Նա միաժամանակ նշեց, որ անհրաժեշտ է խնայողությունները պահել ազգային արժույթով և, ըստ նրա, պետք է համատեղ ջանքերը կենտրոնացնել՝ ազգային արժույթով փող խնայելու մշակույթի ձևավորման հարցում: Ըստ նրա՝ դա թույլ կտա սեփական միջոցներով իրականացնել ապագային միտված ներդրումներ և կախման մեջ չլինել արտաքին խնայողություններից:
«Աշխարհում կա մեկ կամ երկու երկիր, որոնք չեն խնայում կամ քիչ են խնայում և զարգացում են ապահովում, բայց դրանք արդեն զարգացած, կայուն ֆինանսական շուկա ունեցող երկրներ են, որտեղ ձգտում են իրենց խնայողությունները ներդնել այլ երկրների քաղաքացիներն ու ֆինանսական հաստատությունները: Այսինքն, զարգացած ֆինանսական շուկա ունենալու պատճառով կապիտալն անկախ ամեն ինչից հոսում է այդ երկրներ»,- ընդգծեց Ն.Երիցյանը:
ԿԲ ներկայացուցիչը նկատեց, որ Հայաստանի հասարակության նախասիրությունն ավելի շատ միտված է դեպի սպառումը, քան խնայողությունը, ինչի արդյունքում՝ բոլորը ձգտում են ամեն ինչ արագ անել, ինչպես բոլորն անում են արևմտյան զարգացած երկրներում, սակայն պետք է հաշվի առնել այն, որ Արևմուտքում ավելի լավ են կառավարում իրենց ֆինանսները և դրա համար խնդիրներ չեն ունենում:
Ն.Երիցանը հավաստիացրեց նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը որևէ կերպ չի խոչընդոտի այն պոտենցիալին, որը կա տնտեսության մեջ: