Եռանախագահներն էլ արդեն ուղղորդված ու հասցեագրված հայտարարություններ են անում. Էդվարդ Նալբանդյան
«Բազմիցս հայտարարվել է, որ եթե բանակցությունները չշարունակվեն, եթե պատերազմական գործողություններ լինեն, Հայաստանը կձեռնարկի քայլեր՝ ներառյալ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե եթե հրադադարի ռեժիմի խախտվում է, խաղաղ բնակիչներ են զոհվում, ինչ է անելու Հայաստանը, չի՞ ճանաչելու Արցախի անկախությունը:
Է.Նալբանդյանն ասաց, որ հրադադարի ռեժիմը առաջին անգամ չէ, որ խախտվում է, շարունակաբար է խախտվել:
«Վերջին շրջանում հրադադարի խախտումները Ադրբեջանի կողմից ավելի էին սաստկացել: Եռանախագահներն էլ այս անգամ արդեն ուղղորդված ու հասցեագրված հայտարարություններ են անում, թե ով է հրադադարի խախտման պատճառը: Նրանք հայտարարել են, որ պետք է ընդունվի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ և որ Հայաստանը դրան կողմ է արտահայտվում, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այսինքն՝ դրանով ասում են, որ հրադադարի ռեժիմի խախտման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա»,- ասաց Է.Նալբանդյանը:
Նա նաև նշեց, որ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և կոնգրեսական էնգելը նամակ են գրել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ առաջարկելով հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդանն ուղղված քայլեր ձեռնարկել:
«Սա նշանակում է, որ այն նախաձեռնությանը, որով հանդես են եկել եռանախագահները, արձագանք են ստանում ոչ միայն միջազգային կառույցների կողմից, այլ նաև ԱՄՆ կոնգրեսի կողմից: Այսօր Ուուրլիքն արձագանքել է՝ նշելով, որ ողջունում է այդ նախաձեռնությունը»,- նշեց էդվարդ Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է Զ. Փոստանջյանի այն հարցին, թե ինչ է անելու Հայաստանը, եթե Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ. Է.Նալբանդյանն ասաց, որ ԵՏՄ շրջանակներում այդպիսի հարց չի քննարկվում: «Հայաստանը ԵՏՄ անդամ է, ունի կարծիքի իրավունք և այդպիսի հարցերը պետք է ընդունվեն կոնսենսուսով»,- ասաց նախարարը: