Փոխարժեքի որևէ արհեստական զսպում գոյություն չունի. Ներսես Երիցյան
Փոխարժեքի որևէ արհեստական զսպում գոյություն չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ԿԲ-ն արհեստականորեն զսպում է դրամի անկումը:
Նրա խոսքերով՝ շուտով կհրապարակվեն տարբեր վերլուծություններ, որոնցում առկա ընթացիկ հաշվի բարելավումը և տնտեսության վերջին զարգացումները պնդում են, որ չկա փոխարժեքի շեղում: «Ժամանակը միակ բանն է, որ չես կարող կանգնեցնել և պարոն Զուրաբյանը, և ժողովուրդն էլ շուտով կհամոզվեն, որ ինքն իր կանխատեսումներում սխալ է, սուտ է ասում և ապակողմնորոշում է մեր քաղաքացիներին: Այն ինտերվենցիաները, որոնք կենտրոնական բանկն իրականացնում է, այդ գումարներով հնարավոր չէ փոխարժեքը շեղել իր ուղեծրից: Դրանք ընդամենը ուղղված են կարճաժամկետ տատանումները հաղթահարելուն»,- նշեց Ն.Երիցյանը:
Նա միաժամանակ հավելեց, որ երկրում մենք ունենք երաշխավորված փոխարժեքներ, իսկ կանխատեսվող 4+/-1.5 տոկոս գնաճի նպատակադրումն իրատեսական է: Նա նաև հիշեցրեց, որ 2015-ին մենք կանխատեսում ենք 2.5-3.8 տոկոս տարեկան տնտեսական աճ:
Ն.Երիցյանի խոսքերով՝ վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ֆինանսական համակարգն ի շնորհիվ արդյունավետ կարգավորման և վերահսկողության, կարողացել է դիամակայել տարբեր ցնցումների և ապահովել շատ բարձր աճ, երբ շատ զարգացած ֆինանսական համակարգեր անկում էին ապրում:
ԿԲ փոխնախագահը նաև անդրադարձավ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե մարդիկ վարկերի տակ են ու երկիրն էլ վերածել են լոմբարդի: «Եթե մեր բոլոր քաղաքացիները մեծ վարկային բեռի ունենային, դա նշանակում է, որ մենք զարգացած երկիր կլինենք: Բնականաբար, երբ վարկ ես վերցնում՝ նոր ռիսկ ես վերցնում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ վարկ վերցնելու պահին բոլորը գոհ են, եթե, իհարկե, դրանք չեն վերցնում այլ պարտքերը մարելու համար»,- նշեց Ն.Երիցյանը:
Նրա խոսքերով՝ վարկառուները պետք է գիտակցեն, որ իրենք վարկ են վերցնում ի հաշիվ մեկ այլ քաղաքացու խնայողության: Եւ եթե վարկառուն հրաժարվում է վճարել վարկը, ապա բանկը մի քանի անգամ ավելի վնասներ է կրում, քան այդ վարկից սպասվելիք օգուտներն են: «Բանկերը նրա համար են, որ վարկերը սպասարկեն, սակայն պետք չէ բացառել չարաշահումները և քաղաքացիների իրավունքների ոտնահարումները, ուստի դրա համար էլ ձևավորել ենք սպառողների իրավունքների պաշտպանության տարբեր կառույցներ, որոնք անվճար օգնում են քաղաքացիներին»,- ասաց Ն.Երիցյանը:
Վերջում ԿԲ փոխնագահը հայտարարեց, որ ժամանակն է` վստահենք միմյանց և վստահենք ԿԲ-ի վարած քաղաքականությանը: