«Ընթերցողի հետ պետք է աշխատի լավ տրամադրություն ունեցող մարդը». Գրադարանավարի օրն է
«Հայաստանում մշակույթը միշտ պահվել և պահվում է նվիրյալների շնորհիվ: Գրադարանավարները նույնպես նվիրյալներ են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
Ըստ նրա, թեև գրադարանավարները, ինչպես նաև Հայաստանում ցանկացած բնագավառում աշխատող մարդ, իր կատարած աշխատանքի համար չի վարձատրվում այնքան, ինչքան որ պետք է, բայց շարունակում են աշխատել. «Այստեղ մնում է միայն մտածել, որ մասնագիտական պատասխանատվության, քաղաքացու պատասխանատվության խնդիր է: Ի՞նչ է, որ ցածր է աշխատավարձը՝ չաշխատեն»:
Հ. Կարապետյանն ընդգծեց, որ ընթերցողի հետ պետք է աշխատի լավ տրամադրություն ունեցող մարդը. «Ես զարմանում եմ, հիանում եմ, հուզվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ նվիրումով են աշխատում մեր գրադարանավարները: Նրանք տանն իրենց տնային հոգսերով են, իսկ աշխատանքի վայրում՝ միայն աշխատանքային»:
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը նույնպես ցածր աշխատավարձը նշեց որպես գրադարանավարների կողմից բարձրացվող միակ խնդիր:
Նշենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր:
Ովքե՞ր են այսօր գրադարանների հիմնական այցելուները և ի՞նչ գրականություն է պահանջված:
Պատասխանելով այս հարցերին, Տ. Զարգարյանն ասաց. «Շատ են գալիս երիտասարդները, գիտաշխատողները, նաև թոշակառուները: Ամենաշատը պահանջվում է ուսումնական գրականություն, դրան հարող գեղարվեստական գրականություն: Հայերեն գրականությունը բոլոր կտրվածքներով պահանջված է: Ռուսալեզու գրքերի նկատմամբ պահանջարկը կտրուկ նվազել է: Ավելի շատ եվրոպական, մասնավորապես անգլերեն գրքեր են ուզում: Ամենաքիչը պահանջում են Մարքս, Էնգելս, Լենին, խորհրդային շրջանի քաղաքական գրականություն, այն էլ այդ շրջանի վիճակագրությունն ուսումնասիրելու համար»:
Հասմիկ Կարապետյանն ասաց, որ իրենց ընթերցողների 70 տոկոսը ուսանողներ են՝ 18-30 տարեկան:
«Բնականաբար, գրականության նկատամբ նրանց պահանջարկը ձևակերպվում է որպես մասնագիտական գրականության փնտրում: Գրադարանն էլ իր ֆոնդերի համալրման գործում ուշադրություն է դարձնում մասնագիտական գրականության ձեռքբերման խնդրի վրա: Իհարկե, աչքաթող չենք անում մեր մյուս ընթերցողներին: Մնացած 30 տոկոսը կազմում են դպրոցականներ, ըստ մասնագիտությունների աշխատող մարդիկ, թոշակառուներ: Այս դեպքում արդեն նախասիրություններից ելնելով ենք համալրում անում»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր խնդիրներում աշխատում են առաջնորդվել ընթերցողի պահանջմունքով:
Հ. Կարապետյանը ընթերցողի կողմից որպես չպահանջված գրականություն նշեց տեխնիկական բնույթի գրականությունը, որը ժամանակի ընթացքում կորցնում է իր արդիականությունը:
Գրադարանի ֆոնդը, ըստ նրա, տարեկան համալրվում է 15-20 հազար միավոր գրքով, որից միայն 10 տոկոսն է ձեռք բերվում պետբյուջեի միջոցներով:
«Մեր ֆոնդը համալրում ենք գրադարանում պարեբարաբար ակցիաներ կազմակերպելով, հեղինակների, հրատարակչությունների հետ համագործակցելով, նվիրատվությունների միջոցով»,- ասաց Հասմիկ Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները